ՉԺՀ պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար Չան Վանցյուանին։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են հայ-չինական բանակցությունները։
Կողմերը քննարկել են փոխգործակցությունը երկու երկրների համար զինվորական մասնագետների պատրաստման և հումանիտար ոլորտում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային անվտանգության հիմնախնդիրներին։
Երկու պետությունների պաշտպանության նախարարները փոխադարձ շնորհակալություն են հայտնել Հայաստանի և Չինաստանի համար զգայուն հարցերում հետևողական և կառուցողական դիրքորոշումների համար, որոնք դրսևորվում են այնպիսի կարևոր միջազգային հարթակներում, ինչպիսին է, օրինակ՝ Միավորված ազգերի կազմակերպությունը։
Կողմերը համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է մեծացնել ջանքերը՝ պաշտպանական ոլորտում հայ-չինական փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ, համաձայնություն է ձեռք բերվել ինտենսիվացնել փոխադարձ շփումները։
Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ տարիներ շարունակ Հայաստանի պաշտպանական ոլորտին անհատույց օգնություն տրամադրելու համար։
Հանդիպման ավարտին ստորագրվել է հերթական` 10 միլիոն յուանի օգնության տրամադրման համաձայնագիրը։