Մատչելիության հղումներ

Աշոտյանը չի մեկնաբանում Լավրովի խոսքը, ելույթը չի լսել, բայց «եռամիասնության մեջ» հակասությունները բնական է համարում


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան, 2-ը սեպտեմբերի, 2017 թ․

Երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հանդես գալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսների առջև, ասել էր՝ եթե Արևմուտքն ընդառաջ գնար «Ռուսաստանի փորձերին», ապա Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի, նաև Կոսովոյի հակամարտությունները կարգավորված կլինեին:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում չհստակեցրեց հարցը՝ արդյո՞ք ԼՂ հարակից տարածքների վերադարձն այսօր համակարտության կարգավորման բանակցությունների օրակարգում է: Հանրապետական գործիչը միայն ասաց՝ փոխզիջումների արվեստն այն է, երբ կենսական շահերը մնում են, իսկ երկրորդական շահերում «կարող ես գնալ զիջումների»:

«Սատանան մանրուքների մեջ է, քաղաքական առումով բանակցված որևէ փոխզիջումային փաստաթուղթ չի կարող բավարարել բոլոր կողմերին: Մեզ համար ակնհայտ է, համանախագահների համար ակնհայտ է, որ որևէ լուծում առանց Արցախի հանրապետության ժողովրդի համաձայնության լինել չի կարող»,- ասաց Աշոտյանը։ Նա պնդեց նաև՝ հայկական կողմերը ԼՂ համակարտության կարգավորմանն առնչվող փաստաթղթի մանրամասների շուրջ կխոսեն միայն այն ժամանակ, երբ բանակցությունների հետագա ընթացքի համար միջավայր ապահովվի:

Երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հանդես գալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսների առջև, ասել էր՝ եթե Արևմուտքն ընդառաջ գնար «Ռուսաստանի փորձերին», ապա Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի, նաև Կոսովոյի հակամարտությունները վաղուց կարգավորված կլինեին:

«Ազատությունը» Աշտոյանին խնդրեց մեկնաբանել Լավրովի հայտարարությունը: Հանրապետական գործիչն, ի պատասխան միայն նշեց, թե Լավրովի ելույթը չի լսել, այդուհանդերձ, հավելելով․ «Բայց ակնհայտ է, բնական է, որ Եվրամիություն, ԱՄՆ, Ռուսաստան եռամիասնության, որի փաստացի արտահայտումն է ՄԽ համանախագահությունը, ոչ բոլոր հարցերում կարող է և պարտավոր է միասնական լինել տարածաշրջանային քաղաքականության մեջ»:

Երեքշաբթի օրը Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները հայտարարեցին, որ սահմանամերձ Չինարի գյուղում դիտարկման առաքելություն իրականացնող՝ ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ուղղությամբ ադրբեջանցիները կրակոցներ են արձակել։ Ադրբեջանական կողմը հերքեց այս տեղեկությունը։ Երեկ էլ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը tert.am-ին ասել էր, թե ինքն ու իր դաշտային օգնականները, գտնվելով գյուղի կենտրոնում և շրջապատված լինելով շենքերով ու բլուրներով՝ անկարող են հաստատել, թե որ կողմից էին գալիս կրակոցի ձայներն ու ովքեր էին կրակողները:

Արմեն Աշոտյանն այդ առնչությամբ այսօր ասաց․ «Խուսափում են հակադրվել Ադրբեջանին նման միջադեպերի հետ կապված, որպեսզի Ադրբեջանին չտան ևս մեկ առիթ՝ հարցականի տակ դնելու ԵԱՀԿ կարգավորիչ մանդատը»: Նաև հավելեց՝ Ադրբեջանի հետևողական քաղաքականությունն է՝ ոչ միայն լարված պահել հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանները, այլև հետևողականորեն վարկաբեկել ԵԱՀԿ-ն․ «Դրանք կրակոցներ էին ԵԱՀԿ-ի հեղինակության վրա»:

ԱԺ-ից ստացված հաղորդման համաձայն, սեպտեմբերի 22-ին Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամները, պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, Բաքվում կմասնակցեն Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված կանանց առողջությանը և գենդերային հավասարության խթանմանը:

Ըստ հաղորդագրության, հայկական պատվիրակության կազմում է նաև Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Աշոտյանն այսօր հույս հայտնեց, որ ադրբեջանական կողմը կապահովի հայկական պատվիրակության անդամների անվտանգությունն ու հավասր հնարավորություններ կստեղծվի համաժողովին մասնակցելու համար:

Լրագրողների հետ զրույցում անդրադարձ եղավ նաև օրեր առաջ իսրայելական ԱԹՍ-ների հետ կապված սկանդալային պատմությանը: Հիշեցնենք՝ օրեր առաջ Իսրայելում լույս տեսնող Haaretz պարբերականը հրապարակել էր հոդված, որում նշվում էր, թե Իսրայելի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես քննում է Ադրբեջանին հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարող Aeronautics Defence System ընկերության գործողությունները:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել է Aeronautics-ի անօդաչու թռչող սարքերի վաճառքը: Աշոտյանի խոսքով՝ Իսրայելը պետք է այս հարցը քննի և բացահայտի «մինչև վերջ»: Նա ընդգծեց՝ թեպետ Իսրայելն այսօր որոշակի քայլեր անում է այդ ուղղությամբ, սակայն դա հայկական կողմի համար դեռ բավարար չէ․ «Կարծում ենք, որ կարիք կա, և դա հենց Իսրայելի հեղինակության հարցն է, այս միջադեպի հիման վրա ամբողջական բացահայտումներ անելու»:

Ակնկալվում է, որ աշնան վերջին Հայաստանը ԵՄ-ի հետ նոր փաստաթուղթ կստորագրի: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն օրերս հայտարարել էր, թե Հայաստանն այդ համաձայնագիրը չստորագրելու պատճառ չունի: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողվի նախագահն այսօր ասաց, որ նոր փաստաթղթի, մասնավորապես, տնտեսական հատվածը չի հակասում ԵՏՄ-ի առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին:

Ավելի քան երեք տարի Եվրամիության հետ բանակցելուց հետո 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից և ստորագրեց Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը, ապա՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության փաստաթուղթը։ Իշխող Հանրապետականը պնդում էր, որ ԵՏՄ-ին անդամակցելով, Հայաստանն առաջին հերթին անվտանգության խնդիր է լուծում: Մինչդեռ՝ օրեր առաջ «Բազե» ճամբարում նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր՝ «Մենք բանակցում էինք և՛ Եվրասիական տնտեսական միության հետ, և՛ Եվրամիության հետ, որովհետև ի սկզբանե երկու կողմն էլ ասում էին, որ մեկը մյուսին չի խանգարի: Բայց երբ Եվրամիությունն ասաց՝ խանգարում է, մենք ի՞նչ պետք է անեինք»:

Պատասխանելով Ազատության հարցին՝ Աշոտյանն այսօր ասաց, թե հակասություն չի տեսնում այդ երկու հայտարարությունների միջև: «Արտաքին քաղաքականությունը մեկ հարթության մեջ տեղի ունեցող պրոցես չէ, այն տարածական է, որին գումարեք նաև ժամանակը»,- պատկերավորեց ՀՀԿ փոխնախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG