Մատչելիության հղումներ

Յուրաքանչյուր թատրոն յուրովի է պատրաստվում թատերաշրջանի բացմանը


Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճը, արխիվ

Այս շաբաթ երկու ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ Հայաստանի թատերական կյանքում: Համազգային թատրոնի երկարամյան տնօրեն Վարդան Մկրտչյանը մշակույթի նախարարի հրամանով նշանակվեց Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն: 1997-ից սկսած՝ ճիշտ 20 տարի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանն էլ հեռացավ այդ պաշտոնից, նրա փոխարեն ՊՀԹ գեղարվեստական ղեկավար նշանակվեց նույն թատրոնի ռեժիսոր Դավիթ Հարությունյանը:

Հայաստանյան մյուս թատերական օջախներում առայժմ փոխատեղումներ չկան: Թատրոնները պատրաստվում են հերթական թատերաշրջանի բացմանը, բնականաբար՝ յուրաքանչյուրը յուրովի: Օրինակ՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր թատերաշրջանը կբացի արդեն հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 9-ին, Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի պրեմիերայով: Բեմադրության համաշխարհային պրեմիերան կայացավ երեկ՝ Շուշիում: Այն ներկայացվեց բացօդյա՝ Շուշիի նախկին ռեալական գիմնազիայի տարածքում: Մեկ շաբաթ անց օպերային թատրոնում մեկ այլ պրեմիերա է սպասվում, կներկայացվի Վերդիի Ռեքվիեմը՝ «Ահեղ Դատաստան» խորագրի ներքո:

Այս նախագծի հեղինակն իտալացի ռեժիսոր Պաոլո Միչիկեն է: Բեմադրության մեջ ներգրավված են թե՛ հայաստանցի, թե՛ օտարերկրյա անվանի երգիչ-երգչուհիներ: Սա նմանատիպ առաջին փորձն է Հայաստանում, իսկ աշխարհում արդեն վաղուց են բեմադրել Վերդիի, Մոցարտի և այլոց ռեքվիեմները:

Հանդիսատեսի առաջ աշնանային այս թատերաշրջանում իրենց դռները բացող գրեթե բոլոր թատրոններն էլ պրեմիերաներ են նախատեսել: Օրինակ՝ ինչպես նշում է Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, առաջիկայում հանդիսատեսի դատին կհանձնեն «Մեծապատիվ մուրացկանները», «Հարսնացուն հյուսիսից» պիեսը: Մշակույթի նախարարության պատվերով էլ կկազմակերպեն հայ մեծերին՝ Վարդան Աճեմյանին, Առնո Բաբաջանյանին և այլոց նվիրված հոբելյանական հանդիսություններ, որոնք հնարավորություն կտան մեկ անգամ ևս առնչվել նրանց արվեստին ու ստեղծագործական ժառանգությանը:

Բայց ամենակարևորը, ըստ Էլբակյանի, իրենց համագործակցությունն է երիտասարդ ռեժիսորների հետ, որոնցից երկուսի հետ արդեն հստակ պայմանավորվածություններ ունեն: Նրա համոզմամբ՝ երիտասարդ թատերական գործիչներին լուրջ հնարավորություններ պիտի ընձեռնվի՝ դրսևորելու իրենց կարողություններն ու տաղանդը:

«Թատրոնը մեր մեծ աշխարհի մոդելն է»,- ասում է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, շեշտելով՝ այսօր հայ թատրոնում տեղի ունեցող բարեփոխումներն անպայման թելադրված պիտի լինեն ժամանակակից մտածողությամբ․ «չի կարելի կորցնել ժամանակի զարկերակը, այդ դեպքում հանդիսատեսին չես հետաքրքրի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG