Մատչելիության հղումներ

Վարդան Մկրտչյանը պաշտոնապես ներկայացվեց Մայր թատրոնի թատերախմբին


Արդեն մոտ մեկ ամիս է Համազգային թատրոնի արդեն նախկին տնօրեն Վարդան Մկրտչյանը որպես տնօրեն պաշտոնավարում է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ այսօր նրան պաշտոնապես թատերախմբին ներկայացրեց Մշակույթի նախարարար Արմեն Ամիրյանը՝ հավաստիացնելով Վարդան Մկրտչյանին, որ կստանա ինչպես նախարարության, այնպես էլ թատրոնի գեղարվեստական ղեկավարի աջակցությունը:

«Մայր թատրոն գալը և մայր թատրոնին ծառայելը նախ և առաջ պատասխանատվության հզոր բեռ է», - իր հերթին ասաց Վարդան Մկրտչյանը՝ շարունակելով․ - «Ամենակարևորը պետք է ներկայացումները իրենց տեմպառիթմը չթուլացնեն, ամենակարևորը պետք է ապահովել ստեղծագործական եռուզեռի տեպմը»:

Առաջին քայլը, որ պատրաստվում է կատարել Սունդուկյանի թատրոնի նորանշանակ տնօրենը, իր իսկ ձևակերպմամբ՝ հասարակության հետ կապերի հզորացումն է: Բացի այդ, արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել Պաշտպանության նախարարության հետ թատրոնի մեկնարկող՝ 95-րդ թատերաշրջանի ընթացքում տոմսերի վաճառքից ստացվելիք եկամուտի 10 տոկոսը փոխանցել Հայոց բանակին: Առաջիկայում շատ արագ պիտի ստեղծվի թատրոնի նոր կայքը, թարմացվի ֆեյսբուքյան էջը: Պիտի ակտիվացնեն թատերական հոսանքների մուտքը թատրոն՝ չսահմանափակվելով միայն թատրոնի բեմով, ստեղծելով նաև այլ հարթակներ:

Ի պատասխան «Ազատության» հարցին, թե ի վերջո ինչով էր պայմանավորված այս փոխատեղումը, ո՞րն էր Համազգայինից դուրս գալու պատճառը, Վարդան Մկրտչյանը նախ հիշեցրեց, որ 18 տարի ծառայել է Համազգայինին՝ 1999-ից թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի կողմից հրավիրվելով թատրոն նախ իբրև դերասան, հետո վերջին 7-8 տարիներին պաշտոնավարելով իբրև թատրոնի տնօրեն:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվեց Վիգեն Չալդրանյանը, իսկ Վարդան Մկրտրյանը հավաստիացրեց, որ եթե Համազգայինում ցանկանան շարունակել իր հետ համագործակցությունն իբրև դերասանի, ինքը սիրով կհամաձայնի:

«Ազատության» հարցին, թե արդյոք առաջիկայում նոր փոփոխություններ կլինեն թատերական աշխարհում, նախարար Արմեն Ամիրյանը պատասխանեց․ - «Ոչ միայն թատերական աշխարհում: Իհարկե սպասվում են: Տևական փոփոխություններ պիտի լինեն, մինչև որ հասնենք մեր պատկերացրած այն մոդելին, որը, մեր կարծիքով, պետք է առողջացնի ողջ դաշտը»:

Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը «Ազատության» հարցին, թե ինչպես է տեսնում թատրոնի զարգացումը, արձագանքեց․ - «Երկու տարվա ընթացքում տարիուկեսը վերանորոգում էր ընթանում, կես տարի էլ ադապտացիայի ենք ենթարկել շենքը և եղած խաղացանկային ներկայացումները: Փառք Աստծո, հասցրեցինք երեք նոր ներկայացում անել: Բաներ կան, որ պիտի կարգավորվեն․ ավելի ռիթմիկ պիտի աշխատի թատրոնը: Պիտի նաև կոմպլեկտավորվի ստեղծագործական խումբը, որովհետև կան օղակները, որոնք պետք է ավելի ամրացնել և երիտասարդացնել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG