Մատչելիության հղումներ

Ապրիլյան պատերազմն ի ցույց դրեց ԼՂ հարցի ռազմական լուծման անհնարինությունը․ Սարգսյան


Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, նշված է․

«Պատերազմի կրակների և ավերակների միջից նա կարողացավ բարձրանալ և աշխարհին ներկայանալ իր հերոսական բանակով, պետական հաստատություններով, տնտեսական լուրջ առաջընթացով, կրթական ու մշակութային օրինակելի օջախներով և վերջապես՝ իր կազմակերպված հասարակությամբ: Հասարակություն, որ հավատարիմ է իր ազգային ավանդույթներին, բայց նաև ժամանակակից է և ընդունակ տեղայնացնելու այն լավագույնը, որ մարդկությունը ստեղծել է գիտության ու մշակույթի, տնտեսության ու քաղաքականության և այլ ասպարեզներում:

Անցած քսանվեց տարիների ընթացքում Արցախը կայացավ որպես ամուր, ազատ ու ժողովրդավարական պետություն: Խաղաղ Արցախը ոչ միայն մարտունակ է, այլև կենսունակ և մրցունակ»: Սարգսյանն իր խոսքում անդրադարձ է կատարել նաև անցած տարվա ապրիլյան պատերազմին․ «Անցած տարվա ապրիլյան ռազմական գործողությունները, որ սանձազերծված էին Ադրբեջանի կողմից, ևս մեկ անգամ ի ցույց դրեցին Արցախի հարցի ռազմական լուծման անհնարինությունը: Այդ արկածախնդրությունն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, քանի որ Պաշտպանության բանակն ամուր է, իսկ Արցախի թիկունքին Հայաստանն է և ողջ հայությունը: Այս փառավոր օրը մենք գլուխ ենք խոնարհում Արցախի ազատության համար ընկածների հիշատակի առջև»:

1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG