Մատչելիության հղումներ

Բերդի պետական վարժարանում սեպտեմբերի 1-ին լռություն է տիրում


Ադրբեջանին սահմանամերձ Բերդ քաղաքի պետական վարժարանում 26 տարվա գործունեությունից հետո առաջին անգամ սեպտեմբերի 1-ին լռություն է տիրում։

Կառավարության որոշմամբ վարժարանը փակվել է և 26 աշխատողներից 24-ն այսօրվանից անգործ են։ Վարժարանի տնօրեն Վեներա Մանուչարյանն ու պարապուրդի մատնված մյուս աշխատակիցները մտահոգ են։

«Երբեք մտքովս անգամ չի էլ անցել, որ հնարավոր ա էսպիսի սեպտեմբերի 1 դիմավորենք։ Անորոշություն մեջ ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնօրենը:

Նա պատմեց, որ ընդամենը երկու ամիս առաջ են տեղեկացել կրթօջախը փակելու Կառավարության որոշման մասին, թեև դրանից առաջ, անգամ այս տարվա մայիսին բարեգործական կազմակերպությունների միջոցներով նոր ծախսեր են կատարել շենքը բարեկարգելու և նոր գույքի ձեռքբերման վրա: 80 աշակերտի հաշվարկով գրասեղաններ, աթոռներ, պահարաններ ու գրատախտակներ են գնել։ Հագեցած համակարգչային դասարան ու լաբորատորիաներ ունեն։ Անցած տարի նոր խաղահրապարակ ու հանդերձարաններ են կառուցել։ Շենքի բակը բարեկարգ է՝ խնամված ծաղկանոցներով։

Դիմել են վերևներին վարժարանը փակելու պատճառների մասին տեղեկություն ստանալու համար ու պատասխան ստացել․ - «Գրված ա՝ շենքային պայմանները չի համապատասխանում։ Ընդունում եմ՝ տիպային չէ, բայց որ պայմաններ արդեն իսկ ունեինք, սա փաստ է։ Բայց եթե Կառավարության որոշումն այսպիսին է, ինչ արած, մենք պետք է համակերպվենք դրա հետ, բայց խնդրանքս է, որ վարժարանի բոլոր աշխատողներին ապահովեն աշխատանքով»։

Ղարաբաղյան պատերազմի տարիներին հիմնադրված վարժարանում անցած տարի սովորել է 5-12-րդ դասարանի 69 աշակերտ։

Գործազուրկ դարձած վաստակաշատ ուսուցիչ Գարեգին Ծատուրյանը շեշտում է, որ Բերդի վարժարանում աշխատելու համար երիտասարդ ուսուցիչներին «իրենց հիմնական աշխատատեղից կտրել և մրցույթով գործի են ընդունել»։ Բայց այսօր բոլորը դժվար կացության մեջ են հայտնվել:

Վարժարանի ուսուցչուհի Անահիտ Ջուլհակյանն ավելացնում է. - «Գուցե դա գնում է դեպի կրթության որակի բարձրացման․․․ չեմ կարող ասել, վստահ չեմ, որ էդպես կլինի, քանի որ լավագույն ուսուցիչներ են դուրս մնում։ Իսկ մեր սահմանամերձ շրջանին նրանք շատ են անհրաժեշտ»։

Վարժարանի 26 աշխատողներից միայն երկուսն են նոր աշխատանքի առաջարկ ստացել։ Փոխտնօրեն Կարինե Խաչատրյանը նրանցից մեկն է։ Վարժարանը փակելու մասին Կառավարության որոշումը ճիշտ է համարում, թեև ասում է, որ ցավում է իր դեռևս աշխատանք չգտած գործընկերների համար․ - «Երբ արդեն ավագ դպրոցը ընտրվեց միջնակարգ երկրորդ դպրոցը, հոսքային ուսուցումն այնտեղ արդեն սկսվեց, իսկ աշակերտաթվի քչությունը չէր հնարավոր դարձնում երկրորդ նույն կարգավիճակի դպրոցը։ Ե՛վ ավագ դպրոցի ֆինանսավորումը, և՛ պետական հոգածությունն այդ դպրոցի հանդեպ մեզ լրիվ մրցունակությունից զրկեց, և դպրոցը արդեն գոյատևում էր որպես մեկ հոսքանի դասարաններով դպրոց»։

Արշալույս Ամսիհը Լիբանանից է։ Բերդի վարժարանում օտար լեզու էր դասավանդում։ Ասում է՝ վարժարանի փակման պատճառով իր երկամյա աշխատանքային պայմանագիրն ընդհատվել է․ - «Էստեղ մենք հուսով էինք երկու տարով աշխատել, բայց ափսոս... Շատ պլաններ ունեինք հաջորդ տարվա։ Մի տարին հերիք չէ այդ բոլոր բաները... Ափսոս փակվեց դպրոցը»:

6 երեխաների մայր Հասմիկ Մկրտումյանը վարժարան էր եկել երեխայի փաստաթղթերը վերցնելու և ավագ դպրոց տեղափոխելու համար։ Սակայն մտահոգություն հայտնեց, թե տեղափոխությունը կարող է երեխայի կրթության որակի վրա ազդել․ - «Ուզում եմ, որ իր երեխեն նույն տեղն էլ շարունակի։ 9-րդ դասարանն ավարտել ա, երկու դասարան ստեղ, հմի էլ տեղափոխեմ ուրիշ տեղ։ Որքանո՞վ ա ճիշտ»։

Վարժարանի համայնքի սեփականություն հանդիսացող շենքի հետագա ճակատագրի մասին պաշտոնական տեղեկություն առայժմ չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG