Մատչելիության հղումներ

Մեկնարկեց նոր ուսումնական տարին


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Սեպտեմբերի 1-ը Հայաստանում Գիտելիքի և դպրության օրն է՝ երկրի ուսումնական հաստատություններում մեկնարկում է նոր ուսումնական տարին։

Օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանը:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, ուղերձում մասնավորապես ասված է. - «Սեպտեմբերի 1-ին տրվում է ուսումնական տարվա մեկնարկը, և այդ պահից մեր ողջ երկիրը սկսում է ապրել նոր՝ առանձնահատուկ ռիթմով ու տեմպով: Այս օրը հատկապես բացառիկ է նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անելու դեպի դպրոց և բացահայտելու են գիտելիքների նոր ու զարմանահրաշ աշխարհներ: Գիտելիքի կարևորության գիտակցումն այսօր անվիճելիորեն առկա է թե՛ յուրաքանչյուր ընտանիքում և թե՛ ողջ հասարակության մեջ: Կարևոր եմ համարում, սակայն, Հայաստանի կրթական համակարգի կատարելագործմանն ուղղված բարեփոխումների և դրանց ընթացքի մասին լուրջ հասարակական քննարկումները, քանի որ ժամանակներն ու նրանց պահանջներն անընդհատ փոփոխվում են, իսկ մենք միշտ պետք է լինենք արդիական:

Մեր աշակերտների և ուսանողների հաջողությունները միջազգային մրցասպարեզներում, իհարկե, մեզ ոգևորում են և հուշում, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, բայց մեզ համար ավելի կարևոր է կրթության համընդհանուր մակարդակի բարձրացումը: Անհրաժեշտ են դպրոցների և համալսարանների այնպիսի շրջանավարտներ, ովքեր մրցունակ կլինեն և իրենց տեղը կգտնեն կյանքում ու աշխատանքում: Մաղթում եմ, որ բոլորս միասին զինվենք նոր գիտելիքներով և դառնանք ավելի ուժեղ, քանի որ «գիտելիքը ուժ է»:

Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Վեհափառի ուղերձում մասնավորապես ասված է. - «Սքանչելի և մեծ խորհուրդ ունի գիտելիքին ու դպրությանը նվիրված օրը: Մեր ժողովուրդը դարերի մեջ, անգամ աղետալի ժամանակներում, արժևորել է ուսումը, վառ պահել իմացության սերը և իր կրթօջախների լույսը: Արդարև, ուսյալ և կիրթ հասարակությունն է ընդունակ բարեփոխել կյանքը, բարվոք վճիռներ գտնել իր առջև կանգնած խնդիրներին և իրականություն դարձնել առաջընթացի իր տեսիլքները:

Մաղթում ենք, որ այսօր մեր ուսումնական հաստատությունները հայրենիքում և սփյուռքում օրեցօր զորանան և առավել արդյունավորեն իրենց առաքելությունը՝ կրթելով մեր զավակներին համակողմանի իմացությամբ, հավատավոր ու հայրենասեր հոգով, որպեսզի կարող լինեն նորարարությունների, ստեղծագործական սլացքների և շարունակեն քրիստոնյա մեր ժողովրդի ներկայությունը աշխարհում, որ թեպետ փոքրաթիվ, բայց իր ստեղծածով միշտ համեմատվել է մեծերի հետ:

Մեր գնահատանքն ենք բերում կրթության գործի պատասխանատուներին, դասախոսներին ու մանկավարժներին՝ բարեջան ու նախանձախնդիր գործունեության համար: Հայրական հորդոր ենք բերում Մեր զավակներին, որ սիրեն ուսումը, լինեն ուշիմ ու ջանադիր, չթերանան իրենց պարտականություններում, որ ամուր հիմքերով սկզբնավորվի իրենց կյանքի ուղին, որն ապագան է մեր հայրենիքի ու ժողովրդի:

Աղոթք ենք բարձրացնում, որ Աստված օրհնի ջանքերը կրթության նվիրյալների և քաջարթուն միտք ու հոգի շնորհի մեր զավակներին: Օրհնյալ ուսումնական տարի, առատ արդյունքներ ու բարի վաստակ: Ամեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG