Մատչելիության հղումներ

Լաքէթինոլի այրումից առաջացած ծուխը վտանգավոր չէ. «Նաիրիտի» կաուչուկի արտադրամասի նախկին ղեկավար


Ըստ «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից, կաուչուկի արտադրամասի նախկին ղեկավար Գագիկ Ավետիսյանի, «Նաիրիտ» գործարանի տարածքում լաքէթինոլի այրումից առաջացած ծուխը վտանգավոր չէ։

«Ելույթ ունեցավ Հայաստանի գլխավոր թոքաբանը, և այդ մարդուն այնքան էին ստիպում, որ ասեր, որ դա թունավոր է, այդ մարդը վերջում ի՞նչ ասաց, ասաց՝ «խորովածի ծուխից էլ կարող են մարդիկ թունավորվել»։ Դա մաքուր օրգանական նյութ էր, հետը ուրիշ ոչ մի անօրգանական միացություններ չկային», - այսօր կառավարության շենքի մոտ նաիրիտցիների ցույցի ժամանակ «Ազատության» հետ զրույցում ասաց Ավետիսյանը՝ նշելով, որ, եթե այդ ծուխի մեջ այրվող ծանր մետաղներ, էլեմենտներ լինեին ծուխը, ոչ թե վերև կբարձրանար, այլ կիջներ ներքև։

«էդ նյութը ստիպված են հավաքել գործարանում, ժամանակին կառավարության առջև միշտ բարձրացվել է՝ «բերեք էդ նյութի հարցը լուծենք», դա կողմնակի ստացվող նյութ է։ Ես զարմացա, որ որոշ քիմիկոսներ այնպիսի արտահայտություններ արեցին, թե մեջը կար քլորոպրեն և այլն, ուրեմն այդ մարդը տեխնոլոգիայից ոչինչ չգիտի», - ասաց Ավետիսյանը։

Նշենք, որ նաիրիտցիները կառավարության շենքի մոտ էին՝ գործարանի վերագործարկման պահանջով։

Հիշեցնենք՝ «Նաիրիտ» քիմիական գործարանի էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 28-ին: Երեկ առավոտյան Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնեց, որ տարածքում առկա 4 տարողություններում հրդեհի օջախները սպառված են:

Նշենք, որ Բնապահպանության և Առողջապահության նախարարությունները տեղեկացրել են, որ գործարանի հարակից տարածքներում վերցրել են օդի նմուշներ՝ աղտոտվածության չափը պարզելու համար: Թեև որոշ բաղադրիչներ գերազանցել են թույլատրելի սահմանաչափը, բայց դրանք, ըստ պաշտանական հաղորդագրության, քաղաքացիների առողջության համար անմիջական վտանգ չեն ներկայացնում: Թեև որոշ բնապահպաններ ասում են, որ դժվար է պատկերացնել, որ այդ թանձր ծուխն անվնաս էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG