Մատչելիության հղումներ

Պատկերացնել, որ «Նաիրիտում» հրդեհից դուրս եկող սև մուրն անվտանգ է, շատ դժվար է. բնապահպան


Հույս ունենալ, որ «Նաիրիտ» գործարանի թափոնների այրված պահեստում միայն էթինոլ է եղել, քիչ հավանական է։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց «Հանուն կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը։

«Ինչքան որ ես կարողացա կողմնորոշվել եղած նյութերից և միջազգային փորձերից, այրվել է կաուչուկի արտադրության թափոնների պահեստը, և հույս ունենալ, որ այնտեղ միայն այդ լաքն է եղել, մի քիչ քիչ հավանական է։ Սովորաբար նաև այլ նյութեր են լինում, և մենք տեղեկություն չունենք, թե էլ ինչ նյութեր են եղել», - ասաց Դանիելյանը։

Բնապահպանի խոսքով՝ Բնապահպանության նախարարությունն ուսումնասիրել է հիմնականում այն նյութերը, որոնք միշտ օդային ավազանում իրենք ուսումնասիրում են։

«Ուսումնասիրել է օդում ծծումբի միացությունները, ազոտի միացությունները և գետնամերձ ազոնը, փառք Աստծո, որ եթե և անցել են այդ սահմանային կոնցենտրացիան, ապա այդ անցումը շատ փորք է եղել, դա լավ է, բայց սահմանափակվել միայն այդ ուսումնասիրություններով, իմ կարծիքով, ճիշտ չի լինի, ուղղակի դա արդեն նախարարության մոնիթորինգի կենտրոնի հնարավորություններից կարծես դուրս է գալիս», - ասաց Դանիելյանը։

Անվտանգությունն ապահովելու համար, ըստ բնապահպանի, հարկավոր է շատ ավելի լայն ուսումնասիրություն կատարել։

«Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի համագործակցել համապատասխան գիտահետազոտական ինստիտուտների, համալսարանների լաբորատորիաների հետ և ավելի ընդլայնված ուսումնասիրութուն անել՝ ելնելով այն ճշգրիտ տեղեկությունից, թե ինչ նյութեր են եղել այդ պահեստում՝ ինչ նյութեր են արտանետվել. այն սև մուրը, որ մենք տեսնում էինք հագեցած դուրս էր գալիս, պատկերացնել, որ դա լրիվ մաքուր է անվտանգ է, շատ դժվար է, իհարկե, առավել ևս, երբ նայում ես միջազգային փորձն, առաջին հերթին այդ սև մրոտ ծուխն է ասում, որը պարունակում է տոքսիկ նյութեր։ Կարող է պատահել, որ մեր պարագայում այլ նյութեր են եղել, այդ տոքսիկ նյութերը չեն պարունակել, բայց ճիշտ կլինի լրացուցիչ ուսումնասիրել, որպեսզի հետո շարունակություն չունենա այս գործընթացը, հենց անվտանգությունն ապահովելու համար հարկավոր է շատ ավելի լայն ուսումնասիրություն», - ասաց բնապահպանը։

Հիշեցնենք՝ «Նաիրիտ» քիմիական գործարանի էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 28-ին: Երեկ առավոտյան տարաներից 3-ում կրակը մարված էր, հրդեհի փոքր օջախ էր մնացել միայն մեկ տարայում: Այսօր առավոտյան Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնեց, որ տարածքում առկա 4 տարողություններում հրդեհի օջախները սպառված են:

Նշենք, որ Բնապահպանության և Առողջապահության նախարարությունները տեղեկացրել են, որ գործարանի հարակից տարածքներում վերցրել են օդի նմուշներ՝ աղտոտվածության չափը պարզելու համար: Թեև որոշ բաղադրիչներ գերազանցել են թույլատրելի սահմանաչափը, բայց դրանք, ըստ պաշտանական հաղորդագրության, քաղաքացիների առողջության համար անմիջական վտանգ չեն ներկայացնում:

Նշենք, որ հրդեհի փաստով քրեական գործ հարուցված չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG