ԱՄՆ Սենատի արդարադատության հարցերով հանձնաժողովը հայտնում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին համաձայնել է մասնակցել հանձնաժողովի փակ լսումներին և պատասխանել սենատորների հարցերին՝ կապված 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությանը:
Նա նաև համաձայնել է ներկայացնել հանձնաժողովի պահանջած փաստաթղթերը:
Ըստ մամուլի հրապարակումների, Կոնգրեսի և Արդարադատության նախարարության ուսումնասիրությունների կենտրոնում է 2016 թվականին Թրամփի որդու հանդիպումները ռուսաստանցիների հետ, որի ընթացքում նրան խոստացվել է Թրամփի հակառակորդ, դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին վարկաբեկող տեղեկատվության տրամադրում: Մասնավորպես՝ Թրամփ կրտսերը հանդիպել էր փաստաբան Նատալյա Վեսելնիցկայային, ով կարող է կապեր ունենալ ռուսական հատուկ ծառայությունների հետ:
ԱՄՆ նախագահը հերքում է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավում Ռուսաստանի միջամտության պնդումները՝ դրանք համարելով «վհուկների որս»։ Մոսկվան ևս հերքում է իր հասցեին ուղղված մեղադրանքները: