Մատչելիության հղումներ

Մերկելը կրկին պահանջում է ազատ արձակել թուրքական բանտերում պահվող Գերմանիայի քաղաքացիներին


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին պահանջել է Անկարայից ազատ արձակել թուրքական բանտերում պահվող Գերմանիայի քաղաքացիներին՝ ակնարկելով, որ այս պահին այդ քայլը կարող է մեղմել թուրք-գերմանական լարված հարաբերությունները։

«Մենք շատ կցանկանայինք լավ հարաբերություններ պահպանել Թուրքիայի հետ, սակայն պետք է նայել իրականության աչքերին: Մեր պահանջը շատ պարզ է՝ այդ մարդիկ պետք է ազատ արձակվեն», - ասել է Մերկելը՝ հավելելով, որ խնդիրը լրջորեն անդրադառնում է թուրք-գերմանական հարաբերությունների վրա:

ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակից պետությունների վերջին մեկ տարվա ընթացքում լարված հարաբերություններն էլ ավելի սրվեցին, երբ թուրքական իշխանությունները ձերբակալեցին Գերմանիայի մի խումբ քաղաքացիների, այդ թվում՝ հայտնի լրագրող Դենից Յուցելին և իրավապաշտպան Պիտեր Ստյուդներին, որոնց Թուրքիան մեղադրում է ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ:

Գերմանական կառավարության ղեկավարն ընդգծել է, որ երեք միլիոն ծագումով թուրք բնակչություն ունեցող Գերմանիան նախընտրում է ավելի սերտ հարաբերություններ, ունենալ Թուրքիայի հետ, սակայն, Մերկելի խոսքով՝ դրա համար պետք է քայլեր արվեն օրենքի գերակայության ուղղությամբ։

«Այս պահին այդ հարցում մենք որևէ երաշխիքներ չենք տեսնում Թուրքիայում», - հավելել է Անգելա Մերկելը, ում հետագա պաշտոնավարման հարցը հայտնի կդառնա սեպտեմբերի 24-ին՝ Գերմանիայում սպասվող ընտրությունների արդյունքներով։

Ընտրություններին ընդառաջ, հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Գերմանիայում բնակվող իր հայրենակիցներին կոչ էր արել չսխալվել և ձայն չտալ «Թուրքիայի թշնամի կուսակցություններին»:

Գերմանիայի խորհրդարանի կողմից անցած տարվա հունիսին ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համահեղինակներից Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը՝ մեկնաբանելով Էրդողանի այդ հայտարարությունն, ասել է, թե ուրախ է, որ իրենց կուսակցությունն Էրդողանի «սև ցուցակում է»:

«Լավ է, որ այդ ցուցակում ենք: Եթե չլինեինք, հիասթափություն կապրեինք: Եթե Էրդողանը խորհուրդ չի տալիս քվեարկել մեր օգտին, նշանակում է ճիշտ ուղու վրա ենք: Մեզ համար պատիվ է այդ ցուցակում լինելը», - Deutsche Welle-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում ասել Օզդեմիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG