Մատչելիության հղումներ

Ջիլիզայի դպրոցում 12 աշակերտ կա և 9 ուսուցիչ


Ջիլիզա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Լաուրա Սարիբեկյանը
Ջիլիզա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Լաուրա Սարիբեկյանը

Վրաստանին սահմանակից Ջիլիզա գյուղի գյուղապետարանում են տեղավորված միջնակարգ դպրոցի երեք դասասենյակներն ու մեկ ուսուցչանոցը։

Առաջին-երկրորդ դասարանցիները՝ մեկ դասասենյակում, երկրորդ-երրորդ դասարանցիները՝ մյուս, իսկ 10-11-րդ դասարանցիները՝ երրորդ նեղլիկ սենյակում դաս կանեն։ Միջին դասարաններում սովորողներ չունեն, քանի որ 6 տարի շարունակ Ջիլիզայի դպրոցն առաջին դասարանցի չի ընդունել։

Լաուրա Սարիբեկյանը 12 տարի առաջ է Վանաձորից Ջիլիզա տեղափոխվել որպես դասվար։ Երեք տարի առաջ տնօրեն է նշանակվել։ Գյուղապետարանի հետ նույն շենքում դպրոցի գոյությունն անտանելի է համարում, բայց ուրիշ ճար չունեն․ - «Մի անգամ մի կնոջ մտքով անցնում է, որ ինքը հայհոյելով պետք է գա, բարձրանա գյուղապետի մոտ, ինչ-որ մի բան ասի: Դե հիմա, դպրոցի երեխաներ, դուք ուշադիր լսեք»:

Տնօրենը հերթով բացում է նոր ուսումնական տարի սկսող դպրոցի դասասենյակներն ու սրտնեղած ցույց տալիս գրատախտակից ընդամենը մի քանի ոտնաչափ հեռու տեղադրված աշակերտական սեղանները։

Դպրոցում ընդամենը 12 աշակերտ ու գրեթե նույնքան՝ 9 ուսուցիչ կա։ Տնօրենը թվարկում է ամենամոտ բնակավայրից՝ Ալավերդուց 30 կիլոմետր հեռու գտնվող գյուղում ապրող ուսուցիչների անվերջանալի խնդիրներն ու շեշտում՝ աշակերտների թվով ֆինանսավորվող դպրոցում, ըստ նրա, սարսափելի պայմաններում աշխատող ուսուցիչը կիսով չափ պակաս է վարձատրվում քաղաքներում դասավանդողների համեմատ․ - «Ո՞ր ուսուցիչն է մեղավոր, որ ոչ թե քաղաքի կենտրոնում է դաս վարում, այլ հեռավոր էս գյուղում: Եվ ի՞նչ մեղք ունի էդ ուսուցիչը, որ ոչ թե քսան աշակերտ է նստած, այլ երկու աշակերտ»:

Դպրոցի և ուսուցիչների համար ամենադժվար խնդիրներից մեկը գյուղը քաղաքների հետ կապող տրանսպորտի բացակայությունն է։ Մինչև 2010 թվականը մի քանի տարի գյուղում բարեգործների միջոցներով է գործել ավտոբուսը, մեկ տարի Կառավարությունն է ֆինանսավորել, 11-15 թվականը՝ Լոռու մարզպետն իր անձնական միջոցներից է գումար հատկացրել ավտոբուսը գործարկելու համար։ Բայց 2015 թվականից դժվարանցանելի ճանապարհ ունեցող գյուղ ավտոբուս չի մտել։ Գյուղի նախկին ավտոբուսն այսօր խանութ է դարձել՝ առանց անիվների։

«Շաբաթվա մեջ երկու օր գնում էր ավտոբուսը, հետո շաբաթվա մեջ մի օր դարձավ, էլի համաձայն էինք: Բայց արդեն երրորդ տարին է ես տնօրեն եմ, ոչ մի անգամ ավտոբուսը չի աշխատել», - նշեց Սարիբեկյանը:

Ջիլիզայում նշում են, որ Վրաստանից ընդամենը մի առվով բաժանվող իրենց գյուղը 10 տարի առաջ սահմանային շերտ դարձնելուց հետո իրենց կյանքն ավելի դժվարացավ։ Սահմանային ուժեղացված հսկիչ կետերը առուն անցնելու և Վրաստանի հայաբնակ գյուղեր հասնելու հնարավորությունը խիստ սահմանափակել են։

Դպրոցի քիմիայի ուսուցչուհի Ալիսա Խասիկյանն ասում է. - «Նախ, էն ժամանակ գյուղը շեն էր, դպրոցով էր շեն իհարկե: Վրաստանից, հայաբնակ գյուղերից բավականին աշակերտներ ունեինք, թվով մինչև հիսունվեց աշակերտ ենք ունեցել դպրոցում: Իսկ հիմա տասներկու աշակերտ ունենք՝ սահմանի փակ լինելու պատճառով»:

Դպրոցում նորածիններին հաշվարկել ու ասում են՝ 2020 թվականին աշակերտների թիվը ևս 10-ով կավելանա, եթե իհարկե արտագաղթ չլինի։ Բայց կասկածում են, քանի դեռ գյուղի փոքրերի երազանքը Ջիլիզայում անիրագործելի է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG