Եվրամիության և Թուրքիայի միջև բանակցություններ, որպես այդպիսին, չեն ընթանում: Այս մասին այսօր Բրյուսելում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, կրկին շեշտելով՝ Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրոպայից:
«Ես կասկածներ ունեմ, որ Էրդողանը, ում հետ ես մշտապես ընկերական հարաբերություններ եմ ունեցել և ունեմ, սպասում է, որ Եվրոպան ինքը հայտարարի բանակցությունների դադարեցման մասին, որպեսզի ողջ պատասխանատվությունն ընկնի Եվրամիության, այլ ոչ՝ Թուրքիայի վրա»,- հայտարարել է ԵՄ գործադիր մարմնի ղեկավարը, հավելելով՝ թուրքերին պետք է հասկացնել, որ հենց Էրդողանի համակարգն է անհնարին դարձրել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը:
Յունկերի այս հայտարարությունից առաջ էլ ԵՄ առաջատար երկրներից մեկի՝ Գերմանիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն էր հայտարարել՝ ներկայիս Թուրքիան Եվրամիության անդամ չի կարող դառնալ: «Ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ցանկանում դա, այլ որովհետև թուրքական կառավարությունն ու Էրդողանն են արագորեն երես թեքում այն ամենից, ինչը պաշտպանում է Եվրոպան»,- ասել էր ԳԴՀ արտգործնախարարը:
ԵՄ-և և կառույցի անդամ երկրների բարձրաստաճան պաշտոնյաների այս հայտարարությունները հնչում են Բրյուսելի և Անկարայի միջև աննախադեպ լարված հարաբերությունների ֆոնին: Կողմերի միջև երկխոսությունը փակուղի մտավ անցյալ տարի Թուրքիայում հեղաշրջման փորձին հաջորդած իրադարձությունների պատճառով: Բրյուսելի գնահատմամբ՝ թուրքական իշխանություններն ընդդիմախոսների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառել:
ԵՄ երկրները նաև պնդում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կառավարման օրոք մարդու իրավունքների ոլորտում աննախադեպ հետընթաց է արձանագրվել: Որպես ապացույց մատնանշվում է թուրքական լեփ-լեցուն բանտերը, որոնցում հարյուրավոր լրագրողներ, իրավապաշտպաններ ու ընդդիմադիր գործիչներ են պահվում:
Մեկ տարի շարունակ Թուրքիայի արևմտյան դաշնակիցներն Էրդողանին կոչ են անում մեղմել գործելաոճը, մինչդեռ Անկարան հետզհետե ավելի է խստացնում ճնշումները: Թուրքիայում աննախադապ ձերբակալությունների, պաշտոնանկությունների, քրեական հետապնդումների ֆոնին անցյալ նոյեմբերին Եվրոպական խորհրդարանը քվեարկեց Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցության բանակցությունները կասեցնելու օգտին:
Թեև այդ որոշումը պարտավորեցնող բնույթ չի կրում, Անկարան, այդուհանդերձ, չթաքցրեց զայրույթը՝ քննադատությունների տարափ հնչեցնելով եվրոպացի օրենսդիրների և պաշտոնյաների հասցեին: Վերլուծական շրջանակներում համոզված են, որ թուրքական կողմն ընդամենը ձևացնում է, թե հավատում է իր եվրոպական ապագային, քանի որ կուլիսներում միանգամայն այլ որոշումներ է կայացնում՝ Մոսկվայի և Թեհրանի հետ հարաբերությունները ջերմացնելու ուղղությամբ: