Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունից և դրա հետևանքով բռնկված հրդեհից որևէ քաղաքացի մարմնական վնասվածք չի ստացել։
Ըստ նախարարության, հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ծխահարված երկու հրշեջներն այս պահին անհրաժեշտ բժշկական օգնություն են ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Նրանք առողջական լուրջ խնդիրներ չունեն և ամենայն հավանականությամբ այսօր դուրս կգրվեն։
Նախարարությունը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալները, հայտնում է, որ այրվող լաքէթինոլ նյութը բնակչության առողջության համար վտանգ չի ներկայացնում։
Այնուամենայնիվ, Առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը` հրդեհին մոտ գտնվող և այն տարածքներում, որտեղ զգալի են դրա հետևանքով առաջացած արգասիքները (փոշի, անսովոր հոտ, ծուխ) փակել բնակարանների դռները և պատուհանները։
Նույն տարածքներում խուսափել երկար ժամանակ դրսում մնալուց։ Այս հորդորն, ըստ նախարարության, առաջին հերթին վերաբերում է երեխաներին, ծերերին և շնչառական հիվանդություններ (հատկապես` ասթմա, բրոնխիտ) ունեցողներին։
«ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի տվյալներով ժամը 17-ից հետո սպասվում է քամի հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք, ինչը նշանակում է, որ ծուխն Արարատյան դաշտավայրով կգնա դեպի Թուրքիայի տարածք», - ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ այսօր՝ ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում: Հրդեհը ժամը 14:00-ի սահմաններում մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա։