Մատչելիության հղումներ

Մոլդովան Մերձդնեստրի մարզից ռուսական զորքերի դուրսբերման հարցով դիմել է ՄԱԿ-ին


Ռուսաստանի դեսպանատունը Քիշնևում
Ռուսաստանի դեսպանատունը Քիշնևում

Ռուսաստանը մերժում է Մոլդովայի առաջարկը՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում քննարկել Մերձդնեստրից ռուսական զորքերը դուրս բերելու հարցը:

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան այդ նախաձեռնությունը համարել է «ոչ այնքան բարեկամական և բավականին անսպասելի»:

Նյու-Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նեբենզյան ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանը ասել է, թե այդ հարցին երբեք չեն անդրադարձել, և ոչ մեկը դրա մասին նախօրոք չի զգուշացրել: «Իհարկե դա չի նպաստի խաղաղ գործընթացին, որը հաստատված է երկար ժամանակ», - ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը:

Սակայն Մոլդովայի խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն օգոստոսի 23-ին Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ համապատասխան նամակը ՄԱԿ-ին հանձնել է Մոլդովայի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Մորարուն:

«Մոլդովայի իշխանությունները ՄԱԿ-ին խնդրել են գալիք ամսվա սկզբին մեկնարկող Գլխավոր Ասամբլեայի օրակարգում ընդգրկել մեր երկրից օտար զորքերը դուրս բերելու հարցի քննարկումը», - գրել է Մոլդովայի խորհրդարանի նախագահը:

ՄԱԿ-ում Մոլդովայի դեսպանն ասել է, որ տարածաշրջանում ռուսական զորքերի ներկայությունը սպառնալիք է խաղաղությանը և անվտանգությանը:

Անցած հուլիսին Մոլդովայի խորհրդարանը ռուսական ռազմակայանը Մերձդնեստրից հանելու հայտարարություն էր ընդունել:

Մոլդովայի ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնն այդ հայտարարությունը սադրիչ էր որակել: Իսկ խորհրդարանի նախագահի երեկվա ֆեյսբուքյան գրառմանը նա նույն օրն է արձագանքել՝ Ֆեյսբուքի իր էջում գրելով, թե այդ հարցը ՄԱԿ-ի օրակարգ մտցնելու փորձը «արևմտյան կառավարությունների կուրատորների և տիկնիկ խաղացողների աչքերին թոզ փչել է»:

Դոդոնը գրել է, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը հաջող է, պետք է շարունակվի և Մոլդովայի կառավարությանը կոչ է արել՝ ջանքեր գործադրել Մերձդնեստրի հետ խաղաղ բանակցություններըվերականգնելու համար:

1990 թվականին հիմնականում ռուսախոս Մերձդնեստրը Մոլդովայից անկախություն է հռչակել, ինչը Քիշնևը և միջազգային հանրությունը չի ընդունում:

1992 թվականին կողմերի միջև զինված բախումներ բռնկվեցին, հարյուրավոր մարդիկ զոհվեցին, բախումները դադարեցվեցին դեռ վաղուցվանից այդտեղ գտնվող ռուսական զորքերի միջամտության արդյունքում: Մոսկվայի միջնորդությամբ հրադադար հաստատվեց:

Ռուսաստանը Մերձդնեստրում մոտավորապես 2000-անոց զորախումբ ունի և հայտարարում է, որ նրանց մի մասը պաշտպանում են դեռ խորհրդային ժամանակներից մնացած զինապահեստները, մյուսները Մերձդնեստրի և Մոլդովայի հակամարտությունում խաղաղապահ առաքելություն են իրականացում:

1999 թվականին Ստամբուլում կայացած ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում Ռուսաստանը պարտավորվել էր մինչև 2002 թվականը դուրս բերել զորքերը Մերձդնեստրից, սակայն մինչև հիմա այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի կատարվել:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանը Նյու-Յորքում մեկնարկելու է սեպտեմբերի 12-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG