Մատչելիության հղումներ

Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները համատեղ հայտարարություն են ստորագրել


Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այցի շրջանակներում այսօր Հայաստանի նախագահի նստավայրում կայացել են ընդլայնված կազմով բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, երկու երկրների նախագահները բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարություն են ստորագրել, որտեղ մասնավորապես ասված է. - «Հայաստանի Հանրապետությունը և Թուրքմենստանը, վճռական լինելով բազմապատկել և ամրապնդել երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունը, այսուհետև ևս կկառուցեն իրենց հարաբերությունները փոխվստահության ոգով՝ առաջնորդվելով իրավահավասարության, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, շահերի հարգման և փոխշահավետության սկզբունքներով»։

Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները հաստատել են, որ միջազգային օրակարգի հիմնական հարցերի շուրջ պետությունների դիրքորոշումների համահունչ լինելը և համագործակցությունը զարգացնելու փոխադարձ տրամադրվածությունը լայն հնարավորություններ են ընձեռում բազմակողմ հարթակներում կառուցողական փոխգործակցության համար։

Պետությունների ղեկավարներն արտահայտվել են միջազգային իրավունքի գերակայության, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա հիմնված արդար ժողովրդավարական աշխարհակարգի հաստատման օգտին՝ ընդունելով ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող դերը համընդհանուր խաղաղության և միջազգային անվտանգության պահպանման, համաշխարհային հարցերում հավաքական ձեռնարկների և բազմակողմանի մոտեցումների աջակցման գործում։ Կողմերը համոզված են, որ բոլոր երկրների կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների պահպանումը առաջնահերթ է միջազգային հարաբերությունների կառուցման գործում։

Ընդգծվել է գոյություն ունեցող հակամարտությունների համար բացառապես խաղաղ լուծում փնտրելու կարևորությունը՝ քաղաքադիվանագիտական միջոցներով և մեթոդներով՝ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա։

Հայաստանի և Թուրքմենստանի Նախագահները վերահաստատել են կառուցողական փոխգործակցության իրենց պատրաստակամությունը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում միջազգային ահաբեկչության, անդրազգային հանցավորության, թմրանյութերի, զենքի ապօրինի շրջանառության և անօրինական միգրացիայի դեմ պայքարում։ Հայաստանը և Թուրքմենստանը կհամակարգեն իրենց արտաքին քաղաքական գործունեությունը՝ ի շահ զարգացման, համագործակցության և առաջընթացի, հանուն անվտանգության և կայունության ամրապնդման:

Կողմերը շահագրգռվածություն են հայտնել տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման և տվյալ ոլորտում առկա ներուժի իրացման հարցում։ Այդ նպատակով նրանք առավելագույն աջակցություն կցուցաբերեն առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, էներգետիկայի, տրանսպորտի և հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, ոսկերչության, թեթև և վերամշակման արդյունաբերության, ինչպես նաև նորարարության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանը:

Հայաստանը և Թուրքմենստանը պատրաստակամություն են հայտնել համատեղ մշակելու ծրագրեր տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում, հանդես են եկել երկու պետությունների միջև կանոնավոր ուղիղ օդային հաղորդակցություն հաստատելու օգտին:

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը երախտագիտություն է հայտնել Սերժ Սարգսյանին, ողջ հայ ժողովրդին՝ իրեն և թուրքմենական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ, բարեկամական ընդունելության և հյուրընկալության համար և հրավիրել Հայաստանի նախագահին նրան հարմար ժամանակ պաշտոնական այց կատարել Թուրքմենստան։

Հրավերն ընդունվել է երախտագիտությամբ։ Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով։

Նշենք, որ այսօր նաև ստորագրվել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG