Մատչելիության հղումներ

Վերելակներով կահավորված ավտոբուսները կշահագործվեն սեպտեմբերի 1-ից՝ 4 երթուղիներում. քաղաքապետարան


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Սեպտեմբերի 1-ից հենաշարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցող, սայլակներով տեղափոխվող անձանց համար, վերելակներով կահավորված «Հիգեր» մակնիշի թվով 17 ավտոբուսները շահագործվելու են ներքաղաքային հասարակական տրանսպորտի հ.հ. 14, 20, 22 և 28 երթուղիներում: Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Ըստ հաղորդագրության, այս երթուղիների ընտրությունը համաձայնեցված է հաշմանդամություն ունեցողների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ՝ հաշվի առնվելով նրանց առաջարկները:

«Համար 14 երթուղում հարմարեցված կլինեն թվով 3, հ. 20-ում՝ 2, հ. 22 և 28 երթուղիներում 6-ական ավտոբուս: Ըստ այդմ, նշված երթուղիներից 22-ում և 28-ում վերելակով կահավորված կլինի յուրաքանչյուր երկրորդ ավտոբուսը, որի արդյունքում տվյալ երթուղով հարմարեցված ավտոբուսները կանցնեն 25-30 րոպե միջակայքով, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա հենաշարժողական խնդիրներ ունեցող և սայլակներով տեղափոխվող քաղաքացիներին երկար չսպասել», - նշում է քաղաքապետարանը՝ շարունակելով. - «Հ.14 երթուղին կգործի Զեյթուն, Արաբկիր, Կենտրոն ուղղությամբ՝ հասնելով Շենգավիթ վարչական շրջան, հ.20 երթուղին Ավան վարչական շրջանից կհասնի Կենտրոն վարչական շրջան, հ.22 երթուղին Նոր Նորքից Կենտրոն վարչական շրջանով կհասնի Էրեբունի, հ.28 երթուղին Նոր Նորքից Զեյթունով կհասնի Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններ, այնուհետ նաև «Գրացիա» Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն»:

Ավտոբուսների կողային և դիմային հատվածներում առկա են համապատասխան տարբերանշաններ, ինչպես նաև ծանուցման կարգով փակցված են տվյալ երթուղիների երթակարգավարական ծառայության հեռախոսահամարները՝ տվյալ երթուղու ավտոբուսի այս կամ այն կանգառ հասնելու մոտավոր ժամի մասին տեղեկություն ստանալու համար, ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG