Մատչելիության հղումներ

«Ելք»-ը բողոքարկել է «Զիբիլիքսի» գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ-ի որոշումը


«Ելք» դաշինքի առաջնորդները ասուլիսի ժամանակ, արխիվ
«Ելք» դաշինքի առաջնորդները ասուլիսի ժամանակ, արխիվ

«Ելք» դաշինքն այսօր բողոքարկել է «Զիբիլիքսի» գործը կարճելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչի կայացրած որոշումը։ Բողոքը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին է ուղարկվել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այս մասին ասված է դաշինքի հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն կարճել էր «Զիբիլիքս» անվանումը ստացած նյութերի առնչությամբ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով:

«Ելք» դաշինքը դեռևս մայիսին իրավապահներին «հանցագործության մասին» հաղորդում էր ներկայացրել՝ դրան կցելով աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք, ընդդիմադիր դաշինքի պնդմամբ, վկայում են, որ Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում իշխող Հանրապետականի կողմից ընտրակաշառքի բաժանումը կրել է համակարգված և կենտրոնացված բնույթ:

Ըստ «Ելք»-ի՝ մոտ 30-էջանոց այդ նյութերը իրենց մոտ հայտնվել են, երբ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի աշխատակիցը դրանք նետել է աղբամանը: Ընդ որում, «Ելք»-ի պնդմամբ, ընտրակաշառքի բաժանման գործընթացում ներգրավված են եղել նաև իրավապահները, մասնավորապես՝ թղթերից մեկը Հանրապետականի շտաբ է ուղարկվել ոստիկանության ֆաքսի համարից, որտեղ նշված են եղել ոստիկանների անուն-ազգանունները, կոչում, պաշտոն, և թե որը քանի ձայն է բերելու: Արդյոք այդ ֆաքսում նշված ոստիկանները գործի շրջանակներում հարցաքննվել են, թե ոչ՝ ՀՔԾ-ն որևէ մանրամասն չի փոխանցում, ընդամենը նշում է, թե քրեական գործի կարճման հիմքերը ուղարկել են դիմող կողմին։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն «Ազատությանը» փոխանցել էր, որ համաձայն չեն այդ որոշմանը՝ պնդելով, որ այդ նյութերում հանցակազմ կա, և հետևաբար՝ կվիճարկեն այդ որոշումը:

Հիշեցնենք՝ մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ)՝ ստանալով ընտրողների մոտ 70 տոկոսի քվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG