Մատչելիության հղումներ

Վահագնաձորցիները կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը բարձրաձայնեցին իրենց մտահոգությունները


Վանաձոր - Բագրատաշեն ավտոճանապարհի շինարարության մեկնարկից մեկ տարի անց առաջին անգամ կառավարության ներկայացուցիչները շինարարության ազդեցության գոտում հայտնված Վահագնաձոր գյուղ էին եկել՝ հաշվարկելու շինարարությունից տուժած բնակիչների գույքն ու վնասները։

Չնայած մեկ տարի տևած շինարարությունից հետո արդեն ճանապարհ դարձած տնամերձերը, տան բակերն ու պտղատու ծառերը այլևս չկան, ու դրանց մասին հավաստող տեղեկատվությունը լիարժեք չէ, բայց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գույքի օտարման գծով մասնագետները բնակիչներին հավաստիացրին, թե իրենց կորցրած գույքի շուկայական արժեքին էլ ավելացնելու են 15 տոկոս ու փոխհատուցելու են։

Բնակիչները, սակայն, թերահավատ են ու բուռն բարձրաձայնեցին այդ թերահավատությունը:

Ճանապարհաշինության համար օտարվող սեփականությունները գերակա շահ ճանաչելու և սեփականատերերին փոխհատուցումներ տալու մասին քննարկումները նոր են սկսել։ Առաջիկա օրերին կառավարությունը նախատեսում է քննարկել հարցն ու որոշում ընդունել։ Նախարարության ներկայացուցիչներն այսօր ընդունեցին, որ սխալ է տեղի ունեցել, անգամ շեշտեցին, որ առաջին անգամ է, երբ շինարարությունից հետո է օտարվող տարածքը գերակա շահ ճանաչվում, ուշացման պատճառը համարեցին տեխնիկական՝ առանց մանրամասնելու։

«Հավաստիացնում եմ ձեզ, որ մեր թիմը անելու է ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր կորուստ կամ ազդեցություն, որը փաստացի տեղի է ունեցել կամ կարող է տեղի ունենալ, լիարժեք արձանագրվի, ուսումնասիրվի և փոխհատուցվի», - վստահեցրեց նախարարության ներկայացուցիչներից մեկը:

Գյուղապետը պնդում է, որ մինչև շինարարությունը մարզկենտրոնում տեղի ունեցած հանրային քննարկումներին պատասխանատուները մշտապես նշել են փոխհատուցումների մասին, անգամ գումարի կոնկրետ չափեր են նշել։ Շինարարության մեկնարկից հետո, սակայն, այդ մասին խոսակցությունները փոխվել են։

Ընդ որում, գյուղապետ Էդիկ Եղոյանը պնդում է, որ մոտ երեք ամիս առաջ կազմված շինարարության ազդեցության տակ հայտնված տարածքների ցանկը այսօր կիսով չափ կրճատվել է. 29 ընտանիքներից միայն 14-ն է ընդգրկված ցուցակում․ - «Շինարարը շատ կոպիտ ձևով խաբեց իմ բնակիչներին: Էսօր դուք եք եղել: Էս մարդիկ, անկախ նրանից, թե հարցը ձեզ ա պատկանում, թե ձեզ չի պատկանում, դուք մեք ասի էդ բառը, որ մարդիկ ագրեսիվ են: Մարդիկ ահավոր վիրավորված են, ագրեսիվ չեն»:

Առաջին անգամ իրենց հարցերը քննարկելու համար գյուղ եկած ներկայացուցիչների առաջ գյուղացիները ոչ միայն իրենց սեփականության, այլ նաև շինարարության որակի ու շինարարական նախագծերի մասին էին բարձրաձայնում: Բարձրացրած հարցերի պատասխանները, սակայն, չէին ստանում։

«Դա մեր իրավասության սահմաններում չէ», - ասաց Սոնա Պողոսյանը, ում գյուղապետ Էդիկ Եղոյանն ու գյուղացիները հակադարձեցին․ - «Հենց էս պահին մեր գյուղում գնում ա նախագծի փոփոխություն, որից մենք բոլորս տեղյակ չենք: Եթե նախագիծը փոխվում ա, դուք կարո՞ղ եք բացատրեք, թե ինչ պայմաններով ա փոխվում և ինչի ա փոխվում»:

Քննարկումից հետո գյուղացիներն իրենց կորցրած գույքի մասին տեղեկություններ տվեցին Երևանից եկած պատասխանատուներին, ովքեր նշեցին, որ դեռ երկու ամիս կմշակվի տեղեկությունը, հետո համապատասխան որոշումներ կընդունվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG