Մատչելիության հղումներ

Բեռլինը հորդորում է աջակցել Էրդողանի ընդդիմախոսներին, ի պատասխան՝ Անկարան դարձյալ հայհոյում է


ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը երեկ հրապարակավ հայտարարել է, թե Եվրամիությունը պետք է աջակցի ժողովրդավարությանը նվիրյալ այն թուրքերին, որոնք ընդդիմանում են նախագահ Ռեջեփ Էրդողանին:

«Թուրքիայի ժողովրդի ավելի քան կեսը հակված է ժողովրդվարությանը, նրանք չեն աջակցում էրդողանին, և կարծում եմ՝ շատերը Թուրքիայում հույս ունեն, որ Եվրոպան ու Գերմանիան կսատարեն թուրքական ժողովրդվարությանը, ոչ թե ձեռքերը ծալած՝ կողքից կհետևեն իրադարձությունների զարգացմանը»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը:

Ի պատասխան, Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիկը Գաբրիելին մեղադրել է ռասիզմի ու ֆաշիզմի մեջ: «Գաբրիելը նոր բան չի ասում, նա կրկնում է ծայրահեղ աջերի ու ռասիստների հայտարարությունները՝ փորձելով սաբոտաժի ենթարկել Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության հետ, սակայն Անկարայի համար ռասիստների, ֆաշիստների ու իսլամի թշնամիների հարձակումները նախագահ Էրդողանի դեմ, որևէ արժեք չունեն»,- ասել է թուրք նախարարը՝ «Թվիթերում» մեկը մյուսի ետևից այս թեմայով արված շուրջ երեք տասնյակ գրառումներում:

ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակից պետությունների հարաբերությունները սրվեցին անցած տարվանից, երբ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ու չնայած երբեմնի սերտ կապերին և Գերմանիայում միլիոնավոր թուրքերի առկայությանը՝ կրքերն օր-օրի թեժանում են: Անցած շաբաթ Թուրքիայի նախագահը, մասնավորապես, հայտարարել էր, թե Գերմանիայի կանցլերն ու ԳԴՀ խոշորագույն կուսակցությունները «Թուրքիայի թշնամին են»՝ Գերմանիայում ապրող թուրքերին հոդորելով ձայն չտալ նրանց սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

«Կոչ եմ անում իմ գերմանաբնակ հայրենակիցներին՝ հանկարծ սխալմամբ կողմ չքվեարկեք այն կուսակցություններին, որոնք մասնակցում են Թուրքիայի հանդեպ ագրեսիվ և ոչ հարգալից քաղաքականությանը: Հորդորում եմ ձեզ՝ գնացեք ու մի լավ դաս տվեք նրանց առաջիկա ընտրություններում»,- ասել էր Էրդողանը: Գերմանիայի ներկայիս իշխանություններին ֆաշիստների ու նացիստների հետ համեմատելուց հետո էլ, անցած շաբաթավերջին, էրդողանն անցել էր անձնական վիրավորանքների: «Արտգործնախարար Զիգմար Գաբրիելը դեռ շատ փոքր է՝ Թուրքիայի նախագահին քննադատելու համար»,- այս կիրակի երկրի Դենիզլի նահանգում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր Էրդողանն ու շարունակել․ «Այդ մարդը սարսափ է, չափ ու սահման չգիտի ընդհանրապես, ախր ո՞վ ես դու, որ խոսես Թուրքիայի նախագահի հետ, չափդ իմացիր: Փորձում ես մեզ դաս տալ, դրա փոխարեն ինքդ քեզ հարցրու՝ երբվանի՞ց ես քաղաքականության մեջ և քանի՞ տարեկան ես:

Ռեջեփ Էրդողանի այս թեժ ելույթներից հետո Գերմանիայի արտգործնախարարը երեկ հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի աջակիցները սկսել են սպառնալ իր կնոջը՝ Անկե Գաբրիելին: «Էրդողանի խոսքերը, ըստ երևույթին, ոմանց քաջալերել են, որ հեռախոսազանգերով սպառնան ու վախեցնեն իմ տիկնոջը, անշուշտ, սա սարսափելի է»,- հայտարարել է Գերմանիայի փոխկանցլերը՝ առանց հավելյալ մանրամասներ փոխանցելու:

Ավելի վաղ՝ անցած ամիս Գաբրիելը Գերմանիայի քաղաքացիներին հորդորել էր ձեռնպահ մնալ Թուրքիա այցելելուց, գործարարներին էլ խորհուրդ էր տվել ներդրումներ չանել մի երկրում, որտեղ գործող վարչակազմը կարող է Գերմանիայի քաղաքացիներին ձերբակալել ամենաանհեթեթ հիմնավորումներով: Այսօր թուրքական բանտերում Գերմանիայի 22 քաղաքացի կա, այդ թվում՝ հայտնի լրագրողներ ու իրավապաշտպաններ, որոնց Թուրքիան մեղադրում է ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ:

Բեռլինն անըդունելի է համարում այդ մեղադրանքները: Ավելին՝ Գերմանիայի իշխանությունները ԵՄ անդամ երկրներին հորդորում են առավել մանրազնին դիտարկել Թուրքիայի քաղաքացիներին ձերբակալելու և արտահանձնելու՝ պաշտոնական Անկարայի պահանջները:

«Եվրոպան չի կարող թույլ տալ, որ գործող վարչակազմի ամեն մի ընդդիմախոս ենթարկվի կամայական հետապնդման»,- հայտարարել է Գերմանիայի արդարադատության նախարարը: «Հակառակորդների վերաբերյալ Էրդողանի հռետորաբանությունն ու ընդդիմախոսների հասցեին նրա զրպարտությունները, թե դավաճան են ու անհավատ, սպառնալիք են Գերմանիայի ժողովրդավարական մշակույթին»,- երեկ էլ հայտարարել են Գերմանիայի արդարդատության նախարարն ու արտգործնախարարը՝ հավելելով․ «Գերմանիան պետք է պաշտպանի այն մարդկանց, որոնք դեմ են էրդողանի սկսած այս մշակութային պատերազմին ու քարոզչությանը»:

Պաշտոնական Բեռլինի այս քաղաքականությունն արդեն արտացոլվում է նաև թվային ցուցանիշների մեջ․ ԳԴՀ ներքին գործերի նախարարության՝ այսօր հրապարակած վիճակագրության համաձայն, Գերմանիայից քաղաքական ապաստան հայցող թուրքերի թիվը միայն անցած ամիս ավելացել է շուրջ 43 տոկոսով: Ընդ որում՝ մեկ ամսվա ընթացքում ներկայացված ավելի քան 600 դիմումների 22 տոկոսն արդեն բավարարվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG