Մատչելիության հղումներ

Վերելակով կահավորված 25 ավտոբուսից միայն 16-ը սեպտեմբերին դուրս կգա երթուղի. Բաթոյան


Հաշմանդամների համար վերելակներով կահավորված 25 ավտոբուսի փոխարեն սեպտեմբերին երթուղի դուրս կգա 16-ը։ Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը։

«25 ավտոբուս կահավորվել էր վերելակներով վերջին 3 տարիների ընթացքում, պարզապես դրանց մեծ մասը շարքից դուրս են եկել։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն, որը տրամադրել է քաղաքապետարանը, միայն յոթն է աշխատում երեք երթուղիներում։ Սակայն հուլիսի 28-ին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստի ժամանակ ինձ վստահեցրեցին, որ սեպտեմբերին բոլոր ավտոբուսները արդեն կվերանորոգվեն, վերելակները սարքին կլինեն և 25-ն էլ դուրս կգան երթուղի, սակայն քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանի տեղեկացմամբ, միայն 16-ը կաշխատեն սեպտեմբերին։ Պատճառաբանությունը հետևյալն է, որ որոշ սարքավորումներ, դետալներ վերելակներից Հայաստան բերելու խնդիր կա և դա ավելի շատ ժամանակ կպահանջի։ Գուցե հնարավոր լինի այդ բոլոր ավտոբուսները երթուղի դուրս բերել մինչև տարվա վերջ։ Այսինք՝ մենք սեպտեմբերին 16 ավտոբուս լավագույն դեպքում կունենանք 4 երթուղիներում, որոնք կսպասարկեն թիվ 14, 20, 22 և 28 համարի ավտոբուսները, յուրաքանչյուր երթուղում կլինի 3-ից 4 ավտոբուս», - ասաց Բաթոյանը։

Ըստ ավագանու անդամի, տարեկան հինգ ավտոբուս հարմարեցնելով լուրջ փոփոխություն հնարավոր չի լինի կատարել տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց կյանքում։

«Տարեկան 50 ավտոբուս մենք պետք է հարմարեցնենք, որպեսզի 4 տարվա ընթացքում ավտոբուսների 30 տոկոս մատչելիություն ապահովենք», - ասաց Բաթոյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG