Ղրղըզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը հրաժարական է տվել՝ ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու համար։ Այս մասին հայտարարել է ինքը՝ ժեենբեկովը։
«Այսօր ես որոշում եմ կայացրել՝ հանձնել վարչապետի պաշտոնը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինձ գրանցել է որպես նախագահի թեկնածու», - երեկ հայտարարել է ղրղըզական կառավարության ղեկավարը, հավելելով, որ ընտրվելու դեպքում մտադիր է շարունակել երկրի առաջնորդ Ալմազբեկ Աթամբաևի քաղաքականությունը։
2016 թվականի ապրիլից Ղրղըզստանի կառավարությունը ղեկավարող ժեենբեկի թեկնածությունը 2017 թվականի հոկտեմբերին 15-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար առաջադրել է երկրի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ դեռևս անցած մայիսին։
2011 թվականին Ղրղըզստանի նախագահ ընտրված Ալմազբեկ Աթամբաևը, երկրի Սահմանադրության համաձայն, չի կարող առաջադրվել որպես նախագահի թեկնածու՝ երկրորդ ժամկետով պաշտոնավարելու համար:
Անցած դեկտեմբերին, սակայն, Աթամբաևի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում նախագահական մի շարք լիազորություններ փոխանցվել են երկրի վարչապետին:
Ղրղըզստանի որոշ ընդդիմադիր գործիչների պնդմամբ, նախագահի նախաձեռնած այդ հանրաքվեն նրա՝ իշխանության ղեկին մնալու հեռահար նպատակ ուներ:
Ինքը՝ Աթամբաևը, սակայն, հայտարարել է, որ նպատակ չունի պաշտոնաթող լինելուց հետո զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը:
Ընդհանուր հաշվով՝ Ղրղըզստանի նախագահի պաշտոնի համար կպայքարի 59 քաղաքացի, նրանցից 11-ն առաջադրվել է կուսակցությունների կողմից, իսկ 48-ը՝ սեփական նախաձեռնությամբ:
Թեկնածուն գրանցման համար պետք է ներկայացներ իրեն սատարող առնվազն 30 հազար քաղաքացիների ստորագրություններ, վճարեր 1 միլիոն սոմի՝ մոտ 15 հազար դոլարի գրավ և հանձներ ղրղըզերեն լեզվի քննություն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Աթա-Մեկեն» («Հայրենիք») ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, երկրի նախկին վարչապետ և գործող նախագահի ամենակոշտ քննադատաներից Օմուրբեկ Տեկաբաևի գրանցումը:
Տեկաբաևը անցած օգոստոսին բանտում է հայտնվել կոռուպցիայի և ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով և դատապարտվել ութ տարվա ազատազրկման։
Նրա կուսակիցները պնդում են, որ ընդդիմադիր գործչին ներկայացված մեղադրանքները շինծու են և սոսկ հետապնդում են նախագահական ընտրություններին մասնակցությունը կասեցնելու նպատակ:
Հիշեցնենք ՝շուրջ վեց միլիոն բնակչություն ունեցող Ղրղըզստանում նախորդ նախագահները իշխանությունից հեռացել են բռնի ճանապարհով։