Մատչելիության հղումներ

Չնայած ԻՊ-ը ստանձնել է Սուրգուտի հարձակման պատասխանատվությունը, ՌԴ-ում քրգործ են հարուցել այլ հոդվածով


Տեսարան Սուրգուտից, արխիվ
Տեսարան Սուրգուտից, արխիվ

«Ռուսաստանցի մեկնաբաններն ամենայն մանրամասնությամբ մեկնաբանում են Արևմուտքում տեղի ունեցող ցանկացած ահաբեկչական գործողություն, ընդգծելով արևմտյան երկրների իշխանությունների անզորությունը: Հասկանալի է, որ Կրեմլի մեկնաբանները չեն կարող նույն բանն ասել սեփական իշխանությունների մասին»,- նկատում են ռուսաստանցի որոշ փորձագետներ:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը օգոստոսի 20-ին ստանձնել է Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում շաբաթ օրը տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը: ՌԴ Քննչական կոմիտեն, սակայն, այս հարձակումը դեռ պաշտոնապես ահաբեկչություն չի որակել: Ավելին, այս հարձակման մասին ռուսական դաշնային հեռուստաընկերություններն իրենց կիրակնօրյա թողարկումներում չեն պատմել:

Օգոստոսի 19-ին Սիբիրի տարածաշրջանի Սուրգուտ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում մի տղամարդ դանակով զինված հարձակվել էր անցորդների վրա՝ վիրավորելով առնվազն 7 մարդու: Նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր: Ոստիկանների կրակոցներից հարձակվողը սպանվել էր: Երեկ հրապարակվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը կրակում փախչել փորձող մարդու վրա:

Անցորդներին դանակահարած տղամարդու ինքնությունն արդեն պարզվել է․ վերջինս Դաղստանի 19-ամյա բնակիչ Արտուր Գաջիևն է: Ռուսաաստանցի լրագրողները պարզել են, որ այդ երիտասարդի հայրը հաշվառված է որպես իսլամիստ: Ու թեև ԻՊ-ը ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը, ՌԴ իրավասու մարմինները քրեական գործը հարուցել են ոչ թե ահաբեկչության, այլ սպանության փորձի հատկանիշներով, նշելով, որ կատարվածի մեջ ահաբեկչության տարրեր չեն տեսնում:

Լրագրող Յուլիա Լատինինան հիշեցնում է՝ երբ Եգիպտոսում ահաբեկիչները պայթեցրին ռուսական ինքնաթիռը, այն ժամանակ ևս ՌԴ իշխանությունները հրաժարվում էին կատարվածը որակել ահաբեկչություն: Նրանք ընդունեցին այդ իրողությունը միայն այն բանից հետո, երբ դրա մասին հայտարարեցին ԱՄՆ հատուկ ծառայությունները: «Ռուսաստանի իշխանություններն այսօր ծիծաղելի վախկոտություն են դրսևորում, և դրա հիմնական պատճառը հասարակական կարծիքն է»,- ասում է լրագրողը:

Տեղի որոշ փորձագետներ նկատում են՝ ռուսաստանցի մեկնաբաններն ամենայն մանրամասնությամբ մեկնաբանում են Արևմուտքում տեղի ունեցող ցանկացած ահաբեկչական գործողություն, այդ համապատկերում հետևողականորեն ընդգծելով արևմտյան երկրների իշխանությունների անզորությունը, «հասկանալի է, որ Կրեմլի կողմից կառավարվող այդ մեկնաբանները չեն կարող նույն բանն ասել սեփական իշխանությունների մասին, հատկապես նախագահական ընտրությունների նախաշեմին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG