Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեկ հանդիպում է ունեցել ղարաբաղյան հակամարտության ընթացքում, մարտական գործողությունների և զինադադարի պայմաններում զոհված զինծառայողների մայրերի հետ։
Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի, Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու հայրական սերն է փոխանցել հանդիպմանը մասնակից մայրերին՝ բարձրորեն գնահատելով նրանց ոգին։
Նորին Սրբությունն իր վշտակցությունն է արտահայտել, ապա նշել, որ նրանց զավակներն իրենց կյանքն ընծայեցին հանուն հայրենիքի ապահով ու անվտանգ կյանքի, որպեսզի իրենց մայրերն ու քույրերն ապրեն խաղաղության մեջ, ոտնակոխ չլինեն սրբությունները և երաշխավորվի մեր ժողովրդի վաղվա օրը։
Ամենայն Հայոց Հայրապետը հաստատել է, որ նահատակված զինվորների հիշատակը նվիրական է ամենքի համար և նրանք իրենց սխրանքով ու հերոսական օրինակով պիտի շարունակեն հավերժ ապրել ժողովրդի հոգում՝ առաջացնելով միմիայն հպարտության և երախտագիտության զգացում։
Գարեգին Բ Կաթողիկոսն ընդգծել է նաև, որ հայ զինվորը՝ հայրենյաց սահմանների պաշտպանը, մշտապես իր և յուրաքանչյուր հայ եկեղեցականի աղոթքներում է։
Պատասխանելով զինծառայողների մայրերին հուզող հարցերին՝ վերջում Ամենայն Հայոց Հայրապետը աղոթք է բարձրացրել առ Աստված զոհված զինվորների հոգիների հանգստության համար, ապա օրհնելով որդեկորույս մայրերին՝ նրանց մաղթել նույն հայրենասիրական ոգով, որով կրթել և դաստիարակել են իրենց զավակներին, շարունակել իրենց կարևոր առաքելությունը կյանքում։