Մատչելիության հղումներ

Բոստոնի ցույցերը հիմնականում խաղաղ են ընթացել


Ցույց Բոստոնում, 19-ը օգոստոսի, 2017թ․
Ցույց Բոստոնում, 19-ը օգոստոսի, 2017թ․

Երեկ Բոստոնում լիբերալ հայացքներով հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելով, այսպես կոչծված, «խոսքի ազատության» աջակիցների ցույցի հետ, որին մասնակցում էին ծայրահեղ աջակողմյան հայացքներ ունեցող քաղաքացիները։

Այս ցույցերը արձագանքն են մեկ շաբաթ առաջ ռասայական հողի վրա Վիրջինիայի Չարլոթսվիլ քաղաքում տեղի ունեցած բախումներին, որոնց ժամանակ 32-ամյա մի կին զոհվեց, 19 ցուցարար վիրավորվեց։

Բոստոնում բախումներ տեղի չեն ունեցել, սակայն ոստիկանության հաղորդմամբ, 33 մարդ ձերբակալվել է՝ հիմնականում ոստիկանների վրա հարձակվելու և անհնազանդության համար։

«Ես ուզում եմ ողջունել Բոստոնի բազմաթիվ ցուցարարներին, ովքեր դեմ են դուրս գալիս մոլեռանդությանն ու ատելությանը։ Մեր երկիրը շուտով միասնական կլինի», - ցույցերին Թվիթերում անդրադարձել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

«Այսօր ակնհայտ դարձավ, որ Բոստոնը խաղաղության և սիրո կողմնակից է, ոչ թե ատելության ու մոլեռանդության», — ակցիաներից հետո հայտարարել է Բոստոնի քաղաքապետ Մարթի Ուոլշը։

Վիրջինիա նահանգի Չարլոթսվիլ քաղաքի իշխանությունները օգոստոսի 12-ին արտոնել էին սպիտակ սուպրեմատիստների հանրահավաքը, որով նրանք իրենց դժգոհությունը պետք է հայտնեին Գեներալ Ռոբերտ Ի. Լիի՝ ամերիկյան քաղաքացիական պատերազմում Կոնֆեդերացիայի առաջնորդի արձանը ապամոնտաժելու դեմ։ Սակայն Վիրջինիայի նահանգապետ Թերրի ՄքՕլիֆը արտակարգ դրություն էր հայտարարել և հանրահավաքի թույլտվությունը չեղյալ էր համարվել, երբ հարյուրավոր սպիտակ սուպրեմատիստներ բախվել էին հակառակ դիրքորոշումը ունեցող ցուցարարների հետ։ Ցուցարարները իրար վրա շշեր ու քիմիական սփրեյներ էին նետել։

Սպիտակ սուպրեմատիստների հավաքին մասնակցում էին Կու Կլուքս Կլանի անդամները, ծայրահեղ աջական խմբեր ու ակտիվիստներ, որոնք պաշտպանում են ռասիստական, ազգայնական գաղափարախոսությունները։

Ըստ CNN-ի, The Boston Globe-ի և BBC-ի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG