Մատչելիության հղումներ

Էջմիածնի կրակոցների գործով տուժողների փաստաբանները դատավորին մեղադրում են կողմնապահության մեջ


Էջմիածնի կրակոցների գործով դատական նիստում, 16-ը օգոստոսի, 2017 թ․
Էջմիածնի կրակոցների գործով դատական նիստում, 16-ը օգոստոսի, 2017 թ․

Էջմիածնի ավագանու թեկնածու Կիրակոս Բաժակյանը, ով հայտարարել էր, թե քաղաքապետի կողմնակիցներն իրեն առևանգել են, հեռացել է Հայաստանից: Վերջինիս փաստաբանի պնդմամբ, Բաժակյանին պարբերաբար սպառնացել են:

Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ տեղի ունեցած սկանդալային միջադեպի գործով այսօրվա դատական նիստին տուժածների փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին գործը քննող դատավոր Վահե Խալաթյանին և նիստերի քարտուղարին, պնդելով, թե նրանք անաչառ չեն։

Ըստ քրեական գործի, հիշեցնենք, Ստեփան Աբգարյանը ծեծի է ենթարկվել քաղաքապետ Կարեն Գրիգորյանի (գեներալ Մանվել Գրիգորյանի որդու) թիմակիցների կողմից: Աբգարյանի փաստաբան Միհրան Պողոսյանն այսօր հայտարարեց, թե դատարանի նիստերի քարտուղարն անցած նիստի ոչ բոլոր հատվածներն է ձայնագրել՝ այդ կերպ կողմնապահություն ցուցաբերելով։

Մյուս տուժողի՝ Արթուր Թումանյանի փաստաբան Արմինե Հարությունյանը ևս հայտարարեց, որ դատավորն անաչառ չէ ու ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Դատավորը, սակայն, մերժեց երկու միջնորդություններն էլ։ Տուժողների փաստաբանների գործողությունները դուր չեկավ ամբաստանյալների պաշտպան Գուրգեն Գրիգորյանին, վերջինս դատարանից պահանջեց «կարգի հրավիրել» նրանց:

Անցած սեպտեմբերին, Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին, ըստ քրեական գործի, իշխող Հանրապետականի անդամ, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի թիմակիցները ծեծել էին քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանին և ավագանու թեկնածու Ստեփան Աբգարյանին: Ծեծի ընթացքում, ինչպես պնդում են տուժողները, իրենց հետապնդող քաղաքապետն ավտոմեքենայից իջնելիս զենքը վայր է գցել, իրենք էլ հասցրել են այն վերցնել ու պաշտպանվելու համար օդ կրակել։

Գործով մեղադրյալները երեքն են՝ Կարեն Արմենակյանը, Արամ Գրիգորյանը և Արսեն Կարապետյանը: Նրանք իրենց վերագրվող մեղքը չեն ընդունում։ Ավելին՝ հայտարարում են, թե հենց գործով տուժողներն են իրենց հետապնդել: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, թե իր դեմ մահափորձ է իրականացվել: Նախաքննական մարմինը, սակայն, այդ պնդումը հերքել էր։

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը փոխանցեց, որ քրեական գործից անջատված մասով (որն առնչվում էր ապօրինի զենքին) նախաքննությունը կասեցվել է դրա պատկանելության վերաբերյալ բավարար ապացույցներ ձեռք չբերվելու պատճառով։ Ոստիկանությանը հանձնարարվել է շարունակել հետախուզական միջոցառումները՝ պարզելու, թե իրականում ում է պատկանել այդ ատրճանակը։

Ըստ տուժողների փաստաբանների, իրավապահներն անտեսել են նաև միջադեպին գեներալի երկու որդիների՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և Արման Գրիգորյանի մասնակցության փաստը: «Տուժողները պնդում են, նախաքննության ընթացքում էլ պնդել են, որ իրենց ծեծի են ենթարկել Գրիգորյան եղբայրները, սակայն այդ հարցին անդրադարձ չի կատարվում»,- ասում է փաստաբան՝ Արմինե Հարությունյանը:

Այս միջադեպը տեղի էր ունեցել Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների շրջանում: Կարեն Գրիգորյանի մրցակից Արթուր Թումանյանն ու նրա ընկերները՝ Ստեփան Աբգարյանը և ավագանու թեկնածու Կիրակոս Բաժակյանը հայտարարում էին, թե ենթարկվում են քաղաքական հետապնդման․ դեպքի օրը իրենց որոնել են գործող քաղաքապետի թիմակիցները, իսկ ավագանու թեկնածու Կիրակոս Բաժակյանին առևանգել են: Ի դեպ, Բաժակյանի առևանգման մասով արդեն դատավճիռ կա՝ դատարանը եզրակացրել է, որ քաղաքապետի թիմակիցները՝ Արսեն Կարապետյանն ու Արթուր Ամիրխանյանը նրան չեն առևանգել․ Բաժակյանն ինքն է ինքնակամ նստել նրանց մեքենան և գնացել քաղաքից դուրս՝ զրուցելու։

Փաստաբան Արմինե Հարությունյանն «Ազատությանն» ասաց, որ Կիրակոս Բաժակյանն ընտանիքով լքել է Հայաստանը: «Դատաքննության ընթացքում Բաժակյանի և նրա ընտանքի անդամների նկատմամբ սպառնալիքները շարունակվել են, և նա դեռ առաջին ատյանի դատարանում գործը չավարտված, ընտանիքով հեռացել է Հայաստանից»,- ասաց փաստաբանը, հավելելով՝ իր պաշտպանյալն անգամ չի ցանկացել բողոքարկել դատարանի վճիռն ու հապշտապ հեռացել է:

Ամբաստանյալների փաստաբան Հրանտ Անանյանը, մինչդեռ, պնդում է՝ տուժողը հակասական ցուցմունքներ էր ներկայացնում, հետևաբար՝ դատարանն անմեղ ճանաչեց իր պաշտպանյալներին։ Հաջորդ դատական նիստը նախատեսված է օգոստոսի 31-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG