Մատչելիության հղումներ

Էջմիածնի քաղաքապետի կողմնակիցները դատարանում իրենց մեղավոր չճանաչեցին


Ամիսներ առաջ Էջմիածնում քաղաքապետի ընտրությունների նախաշեմին հնչած կրակոցների գործով մեղադրյալներն այսօր դատարանում ի պատասխան «Ազատության» հարցին հայտարարեցին, թե իրենց մեղավոր չեն ճանաչում:

Անցած սեպտեմբերին քաղաքապետի ընտրությունների նախաշեմին, ըստ քրեական գործի, իշխող Հանրապետականի անդամ, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի թիմակիցները ծեծել էին քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանին և ավագանու թեկնածու Ստեփան Աբգարյանին։

Գեներալ Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդին ու ընկերները, սակայն, շարունակում են պնդել, թե իրենք են հետապնդման ենթարկվել: Ավելին՝ Կարեն Գրիգորյանը, ինչպես ավելի վաղ ասել էր «Ազատությանը», մահափորձի է ենթարկվել։ Նախաքննական մարմինը, սակայն, այս պնդումը հերքել է։

Մեղադրյալի աթոռին նստած երեք երիտասարդներն այսօր դատարանում հայտարարեցին, որ գեներալ Մանվել Գրիգորյանի ղեկավարած Երկրապահ կամակավորականների միության անդամ են։ Կարեն Արմենակյանը մինչև ձերբակալվելը աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանում որպես վարորդ։ Իսկ գեներալի ազգակից Արամ Գրիգորյանը նշեց, որ միջնակարգ կրթություն ունի և աշխատել է «Բարեկարգում» ընկերությունում որպես տեղամասի պետ։ Նաև հայտարարեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պարգևատրվել է Մարշալ Բաղրամյան մեդալով։ Մյուս մեղադրյալը Արսեն Կարապետյանն է, ով նշեց, որ աշխատել է որպես Էջմիածնի քաղաքապետի օգնական։

Կարեն Արմենակյանի պաշտպան Հրանտ Անանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նախաքննական մարմինը թերի է աշխատել՝ պնդելով, թե տղաները պաշտպանվել են իրենց վրա զենք պահած քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանից․ - «Պաշտպանության կողմը գտնում է, որ մարմնական վնասվածքը պատճառվել է իրավաչափության սահմաններում: Քանի որ մյուս կողմի ձեռքին զենք է եղել՝ ատրճանակ է եղել, գործով հաստատված է հանգամանք, որ այդ ատրճանակը նաև գործադրվել է: Եվ ցանկացած մարդ, պետք չէ, որ լինի իրավապահ մարմնի աշխատակից, որպեսզի, տեսնելով ուրիշի ձեռքին ատրճանակ, փորձի այն խլի և դրա համար կիրառի նաև որոշակի բռնություն»:

Մինչդեռ նախաքննական մարմինը Էջմիածնի քաղաքապետի՝ մեղադրյալի աթոռին հայտնված կողմնակիցների տները խուզարկել և ապօրինի պահվող զենք է հայտնաբերել։ Հարցին, թե պաշտպանյալ Կարեն Արմենակյանն իսկապես տանը զենք է պահել, փաստաբան Անանյանը պատասխանեց․ - «Ես հիմա չեն ուզում հայտարարություն անել, որովհետև վերջնական դիրքորոշումը դեռ չենք հստակեցրել»:

Այս գործով տուժող քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Թումանյանն «Ազատությանն» ասաց, որ այդ օրը իրենք որոնում էին քաղաքապետի թիմակիցների կողմից առևանգված ավագանու թեկնածու Կիրակոս Բաժակյանին։ Հավելեց, որ գեներալ Մանվել Գրիգորյանի երկու որդիները՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ու Արման Գրիգորյանն ընկերների հետ միասին հետապնդում էին իրենց։

Արթուր Թումանյանի խոսքով՝ երբ քաղաքապետի թիմակիցների ավտոմեքենան հարվածել է իրենց ավտոմեքենային, այդ ընթացքում քաղաքապետ Գրիգորյանը դուրս է եկել ավտոմեքենայից, այդ պահին նրա վրայից զենք է ընկել․ - «Ինքը ինձ հրեց, իրա կողմից զենքը ընկավ: Ես էլ կռացա, վեր կալա, նստեցի ավտոն փախանք․․․ Ֆորտոչկայից կրակել եմ, որ վախենան, չգան, էն էլ եսիմ ինչ դոզի տակ էին, որ եկան»:

Արթուր Թումանյանը պնդում է, որ մեղադրյալի աթոռին պետք է նստեին հենց գեներալի որդիները․ - «Այսօր երկու ախպեր չկան, երեք հոգի բերել, դրել են այնտեղ․․․ ովքեր են, ինչ են, ես չեմ էլ տեսել դրանց: Նրանք պնդում են, որ՝ մենք ենք եղել ծեծողները․․․ Ամեն մեկը երեսուն, քառասուն կիլոյանոց մարդիկ են ու․․․ ինձ էլ ծեծել են: Երկու ախպերն են եղել․ անձամբ իրենք կազմակերպել են, իրենք էլ ծեծել են․․․ Ինչի՞ց էին վախենում․ սաղ հանրապետությունը ձեզ օգնում էր»:

Մինչդեռ մեղադրյալ Կարեն Արմենակյանի պաշտպան Հրանտ Անանյանը կարծում է, որ Արթուր Թումանյանի՝ զենքի ընկնելու մասին պատմությունը խելամիտ չէ․ - «Ես չեմ կարող ողջամտություն գնահատել, որ զենքը կարող է ինչ-որ մեկ ուրիշ ավտոմեքենայից ընկնի, և առանց ավտոմեքենայից իջնելու, ասենք, վթարի պահին մեկը իջնի ավտոմեքենայից, զենքը վերցնի, կամ առանց իջնելու զենքը վերցնի»:

Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի պատճառը ընտրություններն էին։ Կարեն Գրիգորյանի մրցակից Արթուր Թումանյանն ու նրա ընկերները՝ Ստեփան Աբգարյանը և ավագանու թեկնածու Կիրակոս Բաժակյանը հայտարարում էին, թե ենթարկվում էին քաղաքական հետապնդման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG