Մատչելիության հղումներ

Երկնքից հրդեհաշիջման շնորհիվ զգալիորեն կանխվել է Խոսրովի անտառում կրակի տարածումը


Հրդեհը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, 14-ը օգոստոսի, 2017թ․
Հրդեհը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, 14-ը օգոստոսի, 2017թ․

«Խոսրովի անտառ» արգելոցում արդեն չորս օր շարունակվող հրդեհը այսօր էլ վերջնականապես մեկուսացված չէ: Այդուհանդերձ, ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, երկնքից հրդեհաշիջման շնորհիվ հնարավոր է եղել զգալիորեն կանխել կրակի տարածումը:

Կարևոր դերակատարություն ունի հրդեհաշիջման աշխատանքներին այսօր միացած ռուսական «ԻԼ-76» ինքնաթիռը, որը «Էրեբունի» օդանավակայանում ջրատարների օգնությամբ լիցքավորվելուց հետո իրականացրել է արդեն վեց թռիչք դեպի Խոսրովի արգելոց:

Դեպքի վայրում այսօր լրագրողներին տեղեկացրին, որ փրկարարները կսկսեն աշխատել միայն ինքնաթիռի թռիչքների ավարտից հետո:

«Ժամը 6-ը մինչև ինքնաթիռն է աշխատելու, այնուհետև ինքնաթիռը անվտանգ արդեն որ աշխատեց, վերջացավ, մարդկանց կյանքին վտանգ չսպառնաց՝ արդեն մարդիկ գնալու են իրենց գործողությունները կատարելու: Մինչև ինքնաթիռը գործողությունները չկատարի, ոչ մեկ իրավունք չունի անտառային գոտի մտնելու, որովհետև եթե մտան անտառային գոտի, մենք կունենանք կորուստներ, եթե մեր կորուստը էսօր ծառն է՝ մենք կունենանք մարդկային կորուստներ», - ասաց ԱԻՆ Փրկարարական ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը:

Խոսրովի արգելոցում հրդեհը բռնկվել է օգոստոսի 12-ին: Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ այսօր կեսօրի դրությամբ արգելոցի սահմաններում այրվել է 16 կիլոմետր պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հեկտար մակերեսով անտառներ, դեպքի վայրում «Ազատությանը» փոխանցեցին շուրջ 400 հեկտար այրված տարածքի մասին:

Հրդեհի փաստով հարուցվել է քրեական գործ, սակայն պատճառների մասին մինչ օրս տեղեկություններ չկան:

Գործի ընթացքի, ինչպես նաև հրդեհաշիջման աշխատանքների վերաբերյալ այսօր հրավիրված խորհրդակցությանը զեկուցվել է նախագահ Սերժ Սարգսյանին:

«Բոլորիս համար էլ պարզ է, որ տևական ջերմային բարձր ֆոնը, տեղումների բացակայությունը մեծ հավանականություն են ստեղծել հրդեհների բռնկման համար, բայց պետք է նաև հենց այս պահից սկսած մենք հասկանանք, որ արդյո՞ք պատճառը միայն դա է, թե՞ կան նաև այլ պատճառներ», - ասել է նախագահը խորհրդակցության ժամանակ:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց ու կառույցներին, ովքեր պայքարում են հրդեհի դեմ, և հատուկ շնորհակալություն Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին, ովքեր օպերատիվ արձագանքեցին մեր խնդրանքին և հիմա ակտիվորեն ներգրավված են այս կարևոր աշխատանքների մեջ», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարող ԱԻՆ Փրկարարական ծառայության տնօրենը այսօր լրագրողների ներկայությամբ էր ծրագրավորում գործողությունների ընթացքը:

Մուշեղ Ղազարյանի վստահեցմամբ՝ մինչև ծխացող տարածքները չվերացվեն, ռուսական ԱԻՆ ինքնաթիռը Հայաստանից չի գնալու:

«Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով՝ մինչև ինքնաթիռը չկատարի իր առջև դրված խնդիրները, մինչև վերջին կոորդինատները ես տեղից չտամ՝ ավարտի, ինքնաթիռը չի գնալու Հայաստանի Հանրապետությունից», - հայտարարեց ԱԻՆ Փրկարարական ծառայության տնօրենը:

Բարձրաստիճան պաշտոնյայի վստահեցմամբ՝ Խոսրովի արգելոցում բնակվող կենդանիներին վտանգ չի սպառնում: «Կենդանական աշխարհը չի զոհվել, կենդանիները մեզանից բիթի են՝ իրենք արդեն վաղո՜ւց վառվող տարածքից գնացել են: Հիմա մնում է ա՛յ էս ծառերը փրկել՝ անտառային մասը», - ասաց Մուշեղ Ղազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG