Մատչելիության հղումներ

Նախագահի մոտ քննարկվել է հրդեհների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակը


Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված խոշոր հրդեհի հրդեհաշիջման ընթացքի, ինչպես նաև հանրապետության ամբողջ տարածքում տևական ջերմային բարձր ֆոնի և տեղումների բացակայության պայմաններում անտառամերձ ու անտառային գոտիներում առաջացած հրդեհավտանգ իրավիճակի պատշաճ վերահսկողության, կանխարգելիչ աշխատանքների իրականացման, առաջացած հրդեհների պատճառների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների, բնությանը և գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի ուսումնասիրման, դրա վերականգնման հնարավորությունների վերաբերյալ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, քննարկվել է նաև ստեղծված իրավիճակում նոր միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության, բնապահպանության նախարարները, նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավարը, արտաքին գործերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարների տեղակալներ, նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

Սերժ Սարգսյանին զեկուցվել է նաև հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ի հայտ եկած դժվարությունների ու առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ օրեր առաջ նախագահի կողմից օպերատիվ կարգով տրված հանձնարարականների համաձայն ձեռնարկվող միջոցների վերաբերյալ:

Ոլորտների պատասխանատուները զեկուցել են, որ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները, և այս պահին եղած հնարավորությունները բավարար են պետական արգելոցի տարածքում առաջացած խնդիրը լուծելու համար, հրդեհավտանգ բոլոր հատվածներում իրականացվում է ամենօրյա ուժեղացված հսկողություն:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց և կառույցներին, ովքեր այս ամբողջ ընթացքում պայքարել են հրդեհների դեմ: Նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել նաև Ռուսաստանի գործընկերներին, ովքեր օպերատիվ արձագանքելով հայ գործընկերների աջակցության խնդրանքին, այժմ ակտիվորեն ներգրավված են հրդեհաշիջման կարևոր աշխատանքներում:

Խորհրդակցության արդյունքներով նախագահը հանձնարարել է շարունակել իրավիճակը պահել խիստ հսկողության տակ և պարբերաբար զեկուցել հրդեհաշիջման աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG