Մատչելիության հղումներ

Տավուշի գյուղերում շատերը ստիպված անասնապահությունից անցել են մեղվաբուծության, հիմա էլ «իրացման խնդիր ունեն»


Տավուշի մարզի Բերդ քաղաքում կազմակերպված մեղրի փառատոնի ընթացքում սահմանամերձ գյուղերի մեղվաբույծներն իրենց արտադրանքի չնչին մասը միայն կարողացան իրացնել։

Մշտապես ադրբեջանական զինուժի նշանառության տակ գտնվող այդ գյուղերում մարդիկ հարկադրված հրաժարվել են անասնապահությունից և անցել են մեղվաբուծության։ Այժմ կատակում են՝ սահմանախախտ մեղուներին ոչ ոք չի պատժում, նրանց վրա հարձակումներ չեն լինում։ Տավուշի սահմանամերձ տարածքներում հատկապես վերջին տարիներին մեղվապահությունը տեղի ձեռներեցների հիմնական զբաղմունքն է դարձել։ Մեծ քանակությամբ արտադրանք են տալիս, բայց իրացման հարցում դժվարություններ են ունենում։

«Մի 15 փեթակ ունենք, ստանում ենք 200-300 կիլոգրամ մեղր, մի մասը վաճառում ենք, մնացածն անցնում ա հաջորդ տարին, դժվարանում ենք վաճառենք», «Եթե հաշվենք մեր ստացած մեղրը և մեր տարածքի բնակչության քանակը, մենք ունենք մեղրի ավելցուկ, ինչքան վաճառում ենք վաճառում ենք, մնացածն էլ բաժանում ենք»,- «Ազատության» հետ զրույցում դժգոհեցին մեղվապահները:

Վալեր Գարանյանը Թովուզ գյուղում 30 մեղվաընտանիք ունի։ Ասում է՝ իրացման խնդիրները մեծ չեն, արդեն մշտական հաճախորդներ ունի, բայց վերջին տարիներին անբարենպաստ եղանակը մեղուներին էլ է ծուլացրել՝ 30 փեթակից հազիվ 200 կգ մեղր է ստանում, 3 անգամ նվազել է բերքը։ Բայց դժգոհ չէ, ասում է՝ եկամտի լավ աղբյուր է։

Սերոբ Խաչատրյանը Վերին Ծաղկավան անասնաբույժն է։ Տարիներ առաջ գյուղապետ ու սովխոզի դիրեկտոր է եղել։ Անասնապահությունից լավ է հասկանում, բայց ամեն ինչ փորձել ու մեղաբուծության վրա է կանգ առել։ Դժգոհում է, որ «մեր ժամանակներում լավն ու վատը խառնվել են իրար» նաև ամենաառողջարար մթերքի՝ մեղրի դեպքում։ «Նույն արշինով չափում են մարդիկ, ոչ մեկը չի հավատում, որ ստեղ մաքուր մեղր կա»:

Բազմաթիվ խնդիրներ ունեցող գյուղացիներն ասում են՝ կառավարության «առաջին դեմքերի» հետ հանդիպումներ են ունեցել, ծրագրեր են կազմել ու ներկայացրել նրանց, բայց դեռևս ոչ մի շոշափելի արդյունք չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG