Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներից «Հայաստանը չի կարող չտուժել»


Սուրեն Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը «Ազատության» տաղավարում, 14-օգոստոսի, 2017 թ․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, ինչպես հայտնի է, օրերս ստորագրեց Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող՝ Կոնգրեսի ընդունած օրենսդրական փաթեթը: Այդ փաստաթղթի մի ծավալուն հատված նվիրված է Ռուսաստանի հանդեպ տնտեսական նոր սահմանափակումների հաստատմանը:

Արդյո՞ք ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կանդրադառնան նաև Ռուսաստանի նախաձեռնած ԵՏՄ-ին անդամակցող Հայաստանի վրա: Այս և թեմային առնչվող այլ հարցերի շուրջ են զրուցում «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրերը:

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի գնահատմամբ, այդ պատժամիջոցներն ուղղակիորեն չեն անդրադառնա Հայաստանի վրա: «Սակայն պետք է նկատի ունենալ, որ նախորդներին լրացնող այս նոր պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանը թուլացնելուն և ծնկի բերելուն: Ակնհայտորեն այնպիսի լրջագույն պատժամիջոցներ են արդեն ներդրված, հատկապես էներգետիկ ոլորտին առնչվող, որ Հայաստանը չի կարող չտուժել:

Գիտենք, որ Հայաստանում առկա են ռուսական էներգետիկ խոշոր ընկերություններ, որոնք տիրում են Հայաստանի գրեթե ամբողջ դաշտը: Հայաստանի տնտեսությունն էլ ամբողջապես կախված է Ռուսաստանից, հանդիսանում է Ռուսաստանի ենթատնտեսությունը: Հետևաբար՝ մտածել, թե որևէ կերպ այդ պատժամիջոցները չեն կարող ազդել Հայաստանի վրա, ուղղակի անհեթեթություն է»,- ասաց Հայկ Մարտիրոսյանը:

ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ևս համարում է, որ հիշյալ պատժամիջոցներն իրենց բացասական անդրադարձը կունենան Հայաստանի տնտեսության վրա: Հակադարձելով պնդումներին, թե սահմանափակումները կարող են նաև որոշ առումով խթանել Հայաստանից արտահանումը, Սարգսյանը բերում է Ռուսաստան-Թուրքիա հակասությունների շրջանի օրինակը: «Մենք այդ ժամանակ այդպես էլ չկարողացանք գրավել ռուսաստանյան շուկան»,- հիշեցնում է փորձագետը, կասկած հայտնելով, թե դա այս անգամ կհաջողվի:

Քննարկումն ամբողջությամբ՝ ստորև տեղադրված տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG