Մատչելիության հղումներ

Խոսրովի անտառում հրդեհաշիջման բարդությունները պայմանավորված են տեղանքով. Խանգելդյան


Խոսրովի անտառում հրդեհը մարելու համար ռեսուրսները ոչ միայն բավական են, այլև շատ են։ Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը՝ անդրադառնալով բնապահպանների այն պնդումներին, թե «կառավարությունը բավական ռեսուրսներ չունի կրակը մարելու համար»։

«Մենք կուտակել ենք բավարար քանակով հրդեհաշիջման միջոցներ և ուժեր, խոսքը գնում է տեղանքին մոտենալու անհնարինության մասին։ Ցավում եմ, որ ականատես ես լինում այդ տարերային աղետին, սակայն ոչինչ չես կարող անել, որովհետև 70-80 աստիճանից ավել թեք տեղանքներում անտառ է վառվում, խոտածածկ, թփուտային տարածք, մոտեցման ուղիներ չկան», - ասաց Խանգելդյանը՝ շարունակելով. - «Հիմնական բարդությունները պայմանավորված են տեղանքի կտրտված լինելով, և մոտեցման ճանապարհները բավականին սակավ են և հրդեհաշիջման տեխնիկա անգամ մոտեցնել չի լինում»։

Խանգելդյանն ասաց, որ կիրառել են հրդեհաշիջումը կազմակերպելու վեց տարբեր եղանակ։ «Ինչպես գիտեք, ներգրավված է երկու ուղղաթիռ պաշտպանության նախարարությունից, կիրառել ենք պայթեցման եղանակը արգելոցի հյուսիսային հատվածում՝ անանցանելի հատվածներում պայթեցման եղանակով համապատասխան անվտանգության շերտ բացելու, որպեսզի չտարածվի ավելի խորը՝ դեպի Խոսրովի հիմնական անտառային հատվածը և այլն», - ասաց Խանգելդյանը՝ շարունակելով. - «Հրդեհաշիջման աշխատանքները բարդացնում է քամին, որը թեքությունների վրա շատ արագ տարածում է հրդեհը։ Դիմել ենք պարզագույն միջոցներով հրդեհաշիջման կազմակերպման՝ ունենք շարժական հրդեհաշիջման միջոցներ՝ ուսակիր, 20 լիտրանոց տարողություններ են, որոնք թույլ են տալիս փոքր մեխանիզացիայի կիրառմամբ բավականին էֆեկտիվ շիջում իրականացնել»։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը նշեց, որ այս պահին ջանքեր են գործադրում՝ Ռուսաստանի ԱԻՆ համապատասխան օդուժը ներգրավելու համար։ «Հուսով ենք, որ այն բեկումնային կլինի տվյալ խնդիրը լուծելու գործում», - ասաց Խանգելդյանը։

Դիտարկմանը, թե բնապահպանները հայտարարում են, որ հրդեհված տարածքը ոչ թե 200-300 հեկտար է, այլ 1000-1500 հեկտարի է հասնում, Խանգելդյանն այսպես արձագանքեց. - «200-300 հեկտարն առաջին օրվա վիճակն էր, թիվն իհարկե մեծացած կլինի, սակայն ճշգրիտ տեղեկատվություն ես չեմ կարող տալ, մինչև հրդեհը չմարվի, որևէ ցուցանիշ հեկտարի կամ քառակուսու առումով կլինի շատ մոտավոր և ճիշտ չի լինի գնահատականներ տալ, որովհետև հրդեհը դեռ շարունակվում է երկու-երեք օջախով և տեղանք՝ թե՛ ոտքով, թե՛ մեքենայով չի լինում ամբողջությամբ անցնել, իսկ ուղղաթիռով այդ բարձրությունից հեկտարների մասին գաղափար դժվար է կազմել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG