Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երևան է ուղարկել «ԻԼ-76» ինքնաթիռ` հագեցած օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հաղորդագրության համաձայն՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76»-ը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է ուղղել ավելի քան 42 տոննա ջուր, ինչպես նաև ստեղծել 800 մետր երկարությամբ և 60 մետր լայնությամբ սահմանազատող գոտի։ «ԻԼ-76» ինքնաթիռը համարվում է աշխարհում ամենամեծ հակահրդեհային օդանավերից մեկը։
Ինքնաթիռի անձնակազմը պատրաստված է աշխատելու բարդ իրավիճակներում և անտառային հրդեհների մարման մեծ փորձ ունի, նշում է ՀՀ ԱԻՆ-ը:
Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու և լիցքավորման համար համապատասխան քանակի ջուր ապահովելու ուղղությամբ:
Հիշեցնենք, Հայաստանի ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել էր Ռուսաստանի ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ խնդրելով տրամադրել հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ Խոսրովի անտառում շաբաթ օրը բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար: