Մատչելիության հղումներ

Բնապահպանության նախարարությունը՝ կամավորներին. Խոսրովի արգելոց ժամանել Ուրցաձորի հատվածից


Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ից Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Նախարարությունը դիմում է հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար կամավոր դեպքի վայր մեկնող քաղաքացիներին` «Խոսրովի անտառ» պետական արգելոց ժամանել Ուրցաձորի տեղամասի առաջին պահաբաժնի ուղեկալից, որտեղ Բնապահպանության նախարարության աշխատակիցները կհամակարգեն կամավորների ուժերի բաշխումը հրդեհված տարածքների տարբեր հատվածներում:

Նախարարությունը նշում է, որ ըստ օպերատիվ տեղեկատվության` հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 78 փրկարար, Պաշտպանության նախարարության Արարատի զորամասից 122 զինծառայող, ոստիկանության Արարատի մարզային վարչության 60 աշխատակից, «Ինտեր Ակվա» ձկնաբուծարանի աշխատակիցներ՝ ջրատարներով, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչներ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է Պաշտպանության նախարարության ավիացիայի 2 ուղղաթիռ:

Հրդեհի բռնկման փաստով հարուցվել է քրեական գործ: Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար:

Ըստ նախնական տվյալների, 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: Առկա է քամի, ինչը նպաստում է հրդեհի տարածմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG