Մատչելիության հղումներ

Իրանը Ռուսաստան է ուղարկել ծանր սպառազինության կոմպոնենտներ. Die Welt


Սիրիայի «Հմեյմիմ» ռազմաբազան, արխիվ
Սիրիայի «Հմեյմիմ» ռազմաբազան, արխիվ

Գերմանական Die Welt պարբերականը, վկայակոչելով արևմտյան հատուկ ծառայությունները, հայտնել է, որ Իրանը, շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով սահմանված պատժամիջոցները, Ռուսաստան է ուղարկել ծանր սպառազինության կոմպոնենտներ։

Պարբերականի տվյալներով՝ իրանական բեռնատար օդանավերը հունիսին երկու անգամ վայրէջք են կատարել Սիրիայի «Հմեյմիմ» բազայում, որը օգտագործում են ռուսական ռազմական ուժերը։ Այդ բեռներն այնուհետև փոխադրվել են Սիրիայի Տարտուս նավահանգստում գտնվող ռուսական ռազմակայան, իսկ Սիրիայից հետո ռազմական նավերով տեղափոխվել են Նովոռոսիյսկ։

Գերմանական պարբերականը Թվիթերի իր էջում նաև լուսանկար է տեղադրել, որտեղ երևում է իրանական բեռնատար օդանավը ռուսական բազայում։

Die Welt-ը հաղորդում է, որ օդանավը որոշ կոմպոնենտներ է տեղափոխել, որոնք արգելված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով, սակայն չի հստակեցնում, թե ինչ կոմպոնենտների մասին է խոսքը։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ռազմական հարցերով փորձագետ Իգոր Կորոչենկոյին, իր հերթին հայտնում է, որ գերմանական պարբերականի ներկայացրած տվյալներն այն մասին, թե իբր նորոգման և տեխնիկական սպասարկման համար Ռուսաստան է տեղափոխվել իրանական ռազմական տեխնիկա, իրականությանը չեն համապատասխանում։

Ռուսաստանի Դաշնային խորհրդի անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Ֆրանց Կլինցևիչը հայտարարել է, թե սպասարկման և նորոգման նպատակով փոխադրումների անհրաժեշտություն չկա, քանի որ ժամանակին Ռուսաստանը նախապատրաստել էր իրանցի մասնագետների, որոնք ի վիճակի են ինքնուրույն կատարել այդ աշխատանք: Սա երկու երկրների միջև կնքված փաստաթղթերի դրույթներից մեկն էր։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որն ընդունվել է 2015 թվականին, արգելում է ռազմական տեխնիկայի և դրանց կոմպոնենտների Իրան ներմուծումն ու այդ երկրից արտահանումը՝ առանց Անվտանգության խորհրդի հատուկ թույլտվության։

Հիշեցնենք՝ օգոստոսի սկզբին Իրան էր այցելել Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ոլորտը համակարգող փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Մոսկվան և Թեհրանը որոշել են խորացնել ռազմատեխնիկական համագործակցությունն այն բանից հետո, երբ երկու երկրների դեմ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ էր սահմանել։

«Ռուսաստանը և Իրանը մտադիր են խորացնել համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում», - ամփոփելով Դմիտրի Ռոգոզինի և Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանի հանդիպումը՝ գրել էր իրանական Fars գործակալությունը, ընդգծելով, որ անհրաժեշտ է արդեն ձեռք բերված համաձայնագրերի շուտափույթ իրագործում։

Ռոգոզինը Թեհրանում մասնակցում էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալությանը։

Հավելենք նաև, որ Իրանն ու Ռուսաստանը ակտիվ համագործակցում են Սիրիայում և աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG