Մատչելիության հղումներ

Արմավիրի մարզի մի շարք գյուղերում բողոքում են ոռոգման ջրից․ գյուղամիջում հավաքված տղամարդիկ պատմում են, որ արդեն 1 ամիս է՝ ջուրը տալիս են մի քանի ժամով, ապա կտրում օրերով:

Արմավիր համայնքի գյուղատնտեսներն«Ազատության» հետ զրույցում պատմեցին, որ սակավաջրության պատճառով այն ինչ ցանել էին չորացել է, զրկվել են ամբողջ տարվա եկամտից։

Գյուղացիներից մեկն ուղեկցում է իր տնամերձ այգին ու ցույց տալիս առատ, բայց թառամած բերքը։ - «Սա ոչ ոք չի առնի, տեսեք հողն էլ ճաքճքել է», - ասում է մեր զրուցակիցը։

Բարձր ջերմաստիճանից ու անջուր պայմաններից հուսալքված գյուղատնտեսներն ասում են՝ ընտրություններից առաջ բոլորը խոստումներ են տալիս, բայց դրանից հետո չեն էլ հիշում հասարակ ժողովրդի մասին։ Հողի հետ անընդհատ կռիվ տվող գյուղացին հոգնել է նաև ջրօգտագործող ընկերության հետ պայքարից։

Տարին սակավաջուր է, բայց նաև ճիշտ կառավարման խնդիր կա՝ վստահ են հարևան Տանձուտում և Հայկավանում։ Այստեղ էլ պատկերը նույնն է՝ շաբաթը մեկ-երկու անգամ են ջուր տեսնում։ Նրանց խոսքով՝ հիմա չգիտեն վարկերը փակեն, թե չօգտագործած ջրի վարձը մուծեն։

Ու թեև «Ազատության» տեսախցիկը արձանագրեց, որ այս համայնքներում իսկապես հողը չորությունից ճաքճքած է, բերքը թոշնած, սակայն Արմավիրի մարզի ջրօգտագործող ընկերության տնօրենը պնդում է, որ գյուղացիները չափազանցնում են, բոլոր համայնքները ջուրը ստանում ըստ սահմանված գրաֆիկի՝ 7 օր ջրում են, երեք օր՝ առանց ջրի անցկացնում։ Կարեն Քոչարյանը պնդեց՝ Արմավիրի մարզում չունեն այնպիսի վայր, որտեղ բույսերը չորացած լինեն։ Ջուրը քիչ է, բայց հասնում է բոլորին։

Արմավիրի մարզը ոռոգվում է Ախուրյանի ջրամբարից, իսկ այն այս տարի չի լցվել։ Ըստ ՋՕԸ պետի սակավաջրության վտանգները մեղմելու համար շահագործում են խորքային հորերը։

Արմավիրի մարզը ոռոգվում է Ախուրյանի ջրամբարից, իսկ այն այս տարի չի լցվել։ Ըստ ՋՕԸ պետի՝ սակավաջրության վտանգները մեղմելու համար շահագործում են խորքային հորերը։ Այն որ տարի երաշտային է մի շարք մարզերի համար չի հերքում նաև Գյուղատնտեսության նախարարը։ Իգնատի Առաքելյանի խոսքով՝ այս առումով խոցելի են Շիրակը, Լոռին, Արարատն ու Արմավիրը։ Գյուղնախարարն անցած շաբաթ եղել է Արմավիրի մի քանի համայնքներում և գյուղացիների համար պարզաբանել, որ այս տարի ստիպված են գրաֆիկով ոռոգում իրականացնել:

«Որպեսզի բոլորին հասնի ջուրը, նշանակվել են օրեր, թե որտեղ ինչքան է ոռոգվելու», - պարզաբանեց Իգնատի Առաքելյանը:

Ըստ նախարարի՝ ոռոգման ջրի խնդիրը լուծելու համար պետք է անցում կատարվի կաթիլային ոռոգման համակարգի։ Այս նպատակով պետությունը գյուղացուն առաջիկայում կառաջարկի արտոնյալ վարկային պայմաններ՝ 3 տարով և 2 տոկոս տոկոսադրույքով։ Ըստ նախարարի՝ կաթիլային ոռոգումը 50 տոկոսով նվազեցնում է ջրի ծախսը և 40 տոկոսով ավելացնում բերքատվությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG