Մատչելիության հղումներ

Արդվիի ավագանին չի ընդունում գյուղապետի հրաժարականը, մերժում է նաև «երկրաբանական ուսումնասիրության» առաջարկը


Արդվիի գյուղապետ Սամվել Կիրակոսյան, արխիվ
Արդվիի գյուղապետ Սամվել Կիրակոսյան, արխիվ

Ոսկու արդյունահանման աղմկահարույց ծրագրի կիզակետում հայտնված Արդվիի գյուղապետը հրաժարականի դիմում է գրել, սակայն համայնքի ավագանին նրա հրաժարականը չի ընդունել: Ավագանու անդամ Սուրեն Վերանյանն ասում է՝ հրաժարականի մասին ոչ թե անձամբ գյուղապետից, այլ ուրիշներից է իմացել:

Ավագանու նիստ են հրավիրել ու հարցեր տվել համայնքն արդեն 7 տարի ղեկավարող Սամվել Կիրակոսյանին: «Իրան ասինք՝ ինչի՞ ես հրաժարական տվել, ասեց, թե էլ չեմ ուզում աշխատեմ: Երևի մի բանից նեղացել էր: Ասեցինք՝ քո հրաժարականը չենք ընդունում, էն մարդն էլ մեզ հետ համաձայնվեց, ասեց՝ դիմումը հետ կվերցնեմ»:

Նկատենք՝ գյուղապետի հրաժարականը հաջորդեց Արդվի գյուղում ոսկու արդյունահանման ծրագիր իրականացնելու՝ «Միռամ» ընկերության մտադրության հետ կապված՝ գյուղացիների բողոքի գործողություններին: Արդվեցիները հայտարարել էին, թե «ամեն ինչ անելու են», որպեսզի արգելեն արդյունահանողներին՝ այդ նպատակով «ոտք դնել գյուղ»։

Արդվիի գյուղապետի ներկայացրած հրաժարականի հետ կապված՝ ավագանու մեկ այլ անդամ Վաղինակ Վարոսյանն էլ ասում է․ «Վիրավորվել էր, շատ ուժեղ վիրավորվել էր, որ գյուղին նվիրված անձնավորություն ա, ու իրա էդքան արարմունքից հետո իրա հանդեպ նման ռեպլիկներ են անում, որ գյուղը ուզում ա ծախի, քանդի»:

Ավագանու անդամներն ասում են՝ համայնքի ղեկավարին մատնացույց են արել գյուղում չարված գործերն ու պնդել՝ մինչև աշուն, երբ Արդվին էլ համայնքների խոշորացման ծրագրով կմիավորվի հարևան գյուղերի հետ, նա պարտավոր է մնալ իր պաշտոնին ու գոնե խմելու ջրի խնդիրը լուծել․ «Ինքն աշխատող տղա է»:

«Ազատության» այցելության պահին գյուղապետարանի դռները փակ էին, վիրավորված գյուղապետն էլ հեռախոսով չցանկացավ հարցերին պատասխանել։ Ասաց՝ մեծ խնդիրներ են առաջացել իր համար՝ «առանց չակերտներ բացելու»: Գյուղապետի հրաժարականը մերժելու օրը ավագանին որոշել է մերժել նաև գյուղի մերձակա 150 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով «Միռամ» ընկերությանը տրամադրելու՝ համայնքի ղեկավարի առաջարկը։

Ավելի վաղ բնապահպանության նախարարությունն իր կայքէջում հաղորդագրություն էր տեղադրել՝ տեղեկացնելով, որ Արդվիում հանքարդյունաբերական ուսումնասիրություններ կատարելու համար մեկ անգամ արդեն հանրային քննարկում է տեղի ունեցել, և այժմ պատրաստվում են երկրորդ քննարկումն անցկացնել: Գյուղացիները, սակայն, հերքել էին, թե որևէ քննարկման են մասնակցել: Իսկ հանրային երկրորդ քննարկումն էլ տապալվել էր․ բողոքի ելած գյուղացիները պաստառներով փակել էին քննարկման նպատակով գյուղ եկածների ճանապարհը։

Մոտ մեկ ամիս առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում գյուղապետ Սամվել Կիրակոսյանը, այսպես կոչված «առաջին հանրային քննարկման» մասին ասել էր. գալուց մեկ ժամ առաջ զանգել ասել են, թե գալիս են: Արդվիի ավագանու անդամներն ու գյուղացիներն այսօր էլ պնդում են՝ իրենց ոչ ոք ու ոչինչ չի կարող ստիպել փոխել կարծիքը․ «Դա բացառվում ա»: Բայց նաև մտավախություն ունեն, թե իրենց ձայնը լսող չի լինի․ «Մենք շատ փոքր մարդ ենք, տրորելու են, անց կենան»։

Ընդամենը 3 ամիս առաջ պետական ռեգիստրում գրանցված «Միռամ» ընկերությունը կապվում է իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անվան հետ, քանի որ ընկերության բաժնետերերից մեկը նրան պատկանող ռեստորանի տնօրենն էր։ Բարձրացած աղմուկից հետո, սակայն, Վանաձորում գտնվող այդ ռեստորանի տնօրենն ու վանաձորցի ևս մի կին հրաժարվեցին «Միռամ»-ում ունեցած իրենց բաժնեմասից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG