Մատչելիության հղումներ

Արդվի գյուղում վճռական են՝ համայնքի տարածքում ոսկու արդյունահանում թույլ չեն տալու


Տեսարան Լոռու մարզի Արդվի գյուղից
Տեսարան Լոռու մարզի Արդվի գյուղից

Արդվիում ոսկու հանքավայրի հնարավոր շահագործողների թվում շրջանառվում է նաև ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անունը։

Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչները վճռական են իրենց համայնքի անտառներում ու արոտավայրերում ոսկու արդյունահանման նախագծին ընդդիմանալու հարցում, ասում են՝ ամեն ինչ անելու են, որպեսզի արգելեն «Միռամ» ընկերությանը՝ այդ նպատակով «ոտք դնել գյուղ»։

Ծրագրին դեմ են նաև ավագանու անդամները։ Բնակիչները մտահոգված են, որ 10-րդ դարի սրբավայրերով հայտնի գյուղը հանքավայրի շահագործումից հետո կզրկվի այնտեղ ուխտագնացության մեկնող հյուրերից, ջրի աղբյուրներից, նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից։ «Գեղը կքոչի, կգնա»,- ասում են մարդիկ: Նրանք անգամ խոստացված աշխատատեղերի հեռանկարն են մերժում։ Ասում են՝ «այդ գնով աշխատանք չենք ուզում»։

Արդվիից 2,5 կմ հեռավորությամբ գտնվող Մղարթ գյուղում արդեն ավելի քան 10 տարի է ոսկու հանքավայր է շահագործում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերությունը։ Այդ ընկերությունը տարիներ առաջ նաև Արդվիում է ոսկի փնտրել, բայց, գյուղապետ Սամվել Կիրակոսյանի խոսքով, որոշ ժամանակ անց հրաժարվել են այնտեղ հանքավայր շահագործելու մտադրությունից։

Գյուղապետի խոսքով՝ իրենց գյուղի ոսկու պաշարներով հետաքրքրվել է նաև Ռուսաստանում ոսկու և արծաթի խոշորագույն արդյունահանող «Պոլիմետալ» ընկերությունը, որը նաև Կապանի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի սեփականատերն է։ Այսօր արդեն Արդվիում ոսկու հանքավայրի հնարավոր շահագործողների թվում շրջանառվում է նաև ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անունը։

Պաշտոնական տվյալներով՝ «Միռամ» ընկերության բաժնետերերից մեկը Վանաձորի «Վերնատուն» ռեստորանային համալիրի տնօրեն Արայիկ Զադոյանն է: Ռեստորանն էլ պատկանում է խորհրդարանի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Զադոյանը, սակայն, «Ազատությանը» հեռախոսով ասաց, թե հանքարդյուանբերող ընկերության հետ որևէ առնչություն չունի՝ հրաժարվելով այլ մանրամասներ հայտնել։

Բաժնետերերի մեջ մեկ ուրիշ վանաձորցու անուն էլ է նշվում: Երրորդ բաժնետերը ռուսաստանաբնակ Հենրիկ Գևորգյանն է, որը նաև «Միռամ» ընկերության տնօրենն է։ Արդվիի գյուղապետի խոսքով՝ մոտ մեկ ամիս առաջ ոսկի փնտրելու ծրագրով հենց Գևորգյանն էր գյուղ եկել, և նրա հետ «հինգ հոգով նստել զրուցել են»:

Ընկերությունն այնուհետև 5 հոգու մասնակցությամբ կայացած քննարկման մասին արձանագրությունը ներկայացրել է բնապահպանության նախարարություն՝ որպես հանրային քննարկման արդյունքում կազմված դրական եզրակացություն։ Նախարարությունն էլ իր կայքէջում հայտարարություն է տեղադրել այն մասին, թե գյուղում երկրորդ քննարկումը կկայանա մի քանի օրից։

Ըստ գյուղապետի, քննարկման մասնակիցներից մեկն էլ եղել է ավագանու 15 տարվա անդամ ու գյուղի անտառապահ Ռոբերտ Վահրամյանը: Վերջինս, սակայն, «Ազատությանն» ասաց, որ այդ ծրագրի մասին ընդամենը երկու օր առաջ է տեղեկացել, անգամ գյուղապետից այդ մասին երբեք որևէ բան չի լսել․ «Ես երբեք չեմ լսել ու չեմ մասնակցել»: Նույն կերպ է արձագանքում նաև ավագանու ամենատարեց անդամ Սուրեն Վերանյանը․ «Տեղյակ չեմ»: Գյուղապետն այժմ անելանելի դրության մեջ է հայտնվել, սակայն վստահեցնում է՝ կկանգնի համայնքի կողքին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG