«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Վարդան Գերավետյանն ու Տիգրան Մանուկյանը շարունակում են հացադուլը։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեցին Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունից՝ նշելով, որ նրանց առողջական վիճակը բավարար է, գտնվում են բուժանձնակազմի հսկողության տակ և տեղափոխվել են հացադուլավորների համար նախատեսված խցեր։
Արդեն 18 օր հացադուլի մեջ գտնվող Վարդան Գերավետյանը բողոքի այս ձևով մի քանի պահանջ է ներկայացնում. նախ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներին, Անդրիաս Ղուկասյանին [«Ոտքի՛ Հայաստան» շարժման անդամ], Գևորգ Սաֆարյանին [«Հիմնադիր խորհրդարանի» անդամ], Շանթ Հարությունյանին [«Արժեքների հեղափոխության» գործով դատապարտված], ինչպես նաև Սարի թաղի կալանավորված բնակիչներին ճանաչել որպես քաղբանտարկյալներ, ապա առանձնացնել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված «Սասնա ծռերին» ընդհանուր բանտախցերից և նրանց տեղափոխել առանձնացված խցեր։
Հուլիսի 21-ից սննդից հրաժարված Գերավետյանի համոզմամբ, իշխանությունների ցուցումով տարբեր միջոցներով փորձ է արվում լարվածություն և թշնամանք սերմանել «Սասնա ծռեր» խմբի անդամների և մյուս կալանավորների միջև, ինչը կարող է հանգեցնել բախումների:
Գերավետյանը նաև պահանջում է քննություն իրականացնել և պատժել «Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի մահվան մեջ մեղավոր անձանց:
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբավորման մյուս անդամը՝ Տիգրան Մանուկյանը, ի համերաշխություն Վարդան Գերավետյանի, համանման պահանջներով միացել է ընկերոջ հացադուլին։
Հիշեցնենք, «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի գործի շրջանակներում ավելի քան 60 մարդ է մեղադրվում, որոնց հիմնական մասին մեղսագրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելը, փոխադրելը, շենք շինություններ գրավելը, պատանդ վերցնելը, գույք ոչնչացնելը։