Մատչելիության հղումներ

Արարողությունը տեղի ունեցավ Երևանի Շահումյանի գերեզմանատան մոտ գտնվող սգո սրահում:

Արարողության ավարտից հետո էլ շարունակվում էր մարդկանց հոսքը․ գալիս էին ինչպես շարքային քաղաքացիներ, այնպես էլ մտավորականներ, քաղաքական գործիչներ: Մասնավորապես Արթուր Սարգսյանի հարգանքի վերջին տուրքը մատուցելու եկան «Ծառուկյան դաշինքի» և «Ելք» դաշինքի ներկայացուցիչները:

«Հաց բերողի» ընկերներից Սամվել Թադևոսյանը նշեց, որ իրենք ակնկալում են, որ Արթուրի մահվան համար մեղավորները կպատժվեն: Նա ենթադրեց, որ իրավապահները կփորձեն պատասխանատվության ենթարկել միայն բժիշկներին, մինչդեռ, նրա խոսքով, իսկական մեղավորներն իշխանություններն են, որոնց անգործության հետևանքով մահացավ իրենց ընկերը: Նա ասաց, որ չեն հավատում, թե մեղադրյալի աթոռին կարող են հայտնվել իշխանության և իրավապահ համակարգի ներկայացուցիչները:

Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանն ու իր ընկերները Մարզահամերգայի համալիրից երթով հասան Շահումյանի գերեզմանատան սգո սրահ: Այս անգամ նրանք լուռ ակցիա անցկացրեցին, թեև նախորդ օրերին, հիշեցնենք, նրանք պահանջում էին պաշտոնանկ անել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Նրանց պահանջը, սակայն, ուժի մեջ է: Նրանք համոզված են, որ գլխավոր դատախազն է մեղավոր «Հաց բերողի» մահվան մեջ՝ պնդելով, եթե նրան երկրորդ անգամ չկալանավորեին, նա 25 օր հացադուլ չէր անի, չէր հրաժարվի բուժումից:

4 օր առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնում սիրտ-անոթային անբավարարության հետևանքով մահացած Արթուր Սարգսյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ-պատշաճ կատարելու հատկանիշներով: Դեռեւս ձերբակալվածներ չկան:

49-ամյա Արթուր Սարգսյանի դիահերձումն ավարտվել է անցած շաբաթ օրը։ Սարգսյանի փաստաբաններն ավելի վաղ միջնորդել էին, որ դիահերձմանը մասնակցեն նաև միջազգային փորձագետները: Վերջիններս, սակայն, չէին ժամանել Երևան։

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի խոսքով, դիահերձումը հնարավոր չէր հետաձգել, քանի որ, ըստ մասնագետների, այն պետք է իրականացվեր մահից 12 ժամ հետո և ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, այլապես դա կարող էր բերել հյուսվածքների և բջիջների փոփոխությունների:

Սարգսյանի փաստաբանները, մինչդեռ, պնդում են, որ հնարավոր էր դիահերձումը հետաձգել մինչև մեկ շաբաթով:

49-ամյա Արթուր Սարգսյանը մահացել է հինգշաբթի օրը ժամը 16։00-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ բժիշկներն արել են հնարավորը՝ «Հաց բերողի» կյանքը փրկելու համար։

Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում էր անցած ամռանը Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ: Գնդի տարածքը գրավելու օրերին նա կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել գնդի տարածք։

«Հաց բերողը» կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ արձակվեց դեկտեմբերի 30-ին, ապա կրկին կալանավորվեց՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ: Իրեն ազատ արձակելու պահանջով Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG