Մատչելիության հղումներ

Հայաստանում շատ գումար կա, ուղղակի այդ գումարը ներդրվում է ոչ-համակարգված. փոխնախարար


Տեսարան Շիրակի մարզի գյուղերից մեկից

Տարածքային կառավարման ու զարգացման փոխնախարար Վարազդատ Կարապետյանն այսօր Ամասիայի տարածաշրջանի գյուղերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը պնդեց, որ Հայաստանում իրականում շատ փող կա:

«Հայաստանում շատ կա գումար իրականում՝ և՛ ֆինանսական համակարգում, և՛ պետական բյուջեում, և՛ միջազգային կազմակերպությունների մոտ, ուղղակի այդ գումարը ներդրվում է ոչ-համակարգված. եթե հիմա ինչ-որ մեկը գա, մի ծրագիր անի ու գնա, այդ ծրագիրը կարճաժամկետ ազդեցություն կունենա, ծրագրի հետ քաշվելուց հետո, համայնքը կգա իր նախկին վիճակին, այսինքն՝ ծրագրի արդյունքները էական չեն լինի։ Հիմա մեր նպատակը և այս մոդելը, որը մենք փորձում ենք հիմա ստեղծել և առաջ տանել, որ մեկ համայնքում միաժամանակ մի քանի էական ծրագրեր իրականացվեն, որ կայուն լինի աջակցությունը, որ համակարգը ամբողջությամբ կարողանա աշխատել՝ նորովի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարապետյանը։

Այս օրերին Տարածքային կառավարման նախարարության և տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները շրջում են Շիրակի մարզում։ Նրանք ներկայացնում են համայնքների զարգացման հնարավորություններն ու ընդգծում, որ զարգացման հեռանկարը տեղի բնակիչների ձեռքում է:

Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ հիմնականում հասարակական սեկտորն է համագործակցում՝ համայնքների համար ծրագրեր գրելով ու դրամաշնորհներ շահելով: Հիմա կառավարության ներկայացուցիչները համայնքների ներկայացուցիչներին փորձում են սովորեցնել ինքնուրույն դրամաշնորհային ծրագրեր գրել:

Հարցին, թե արդյոք համայնքներում պատրա՞ստ են դրան, փոխնախարարը պատասխանեց. - «Իրականում պատրաստ չեն համայնքները, դրա համար մենք նախատեսում ենք, որ խոշորացված համայնքները կունենան տնտեսական զարգացման պատասխանատուներ, ովքեր կունենան համապատասխան գիտելիքներ՝ ծրագրեր պկառուցելու, և 2018-ից կփորձենք դրանք ներդնել համայնքներում»։

Քննարկմանը մասնակից համայնքների ներկայացուցիչներից ոմանք մտավախություն ունեն, որ այսօրինակ քննարկումները վերջնական արդյունք կարող են չունենալ, և հույսները ոչ թե դրսի դոնորների վրա պետք է դնել, այլ պետությունը պետք է զարգանա, որպեսզի գյուղին տեր կանգնի:

«Գյուղացու համար լավ կլինի, համայնքները կզարգանան, բայց եթե իրականում վերջնականապես անեն, այլ ոչ թե քննարկեն, գնան։ Եթե եկել են մեր համայնքների համար, եթե անեն մեր համայնքների համար, մենք ուրախ կլինեն», - «Ազատության» հետ զրույցում ասացին համայնքի բնակիչները։

Ոմանց կարծիքով էլ այսօրինակ ծրագրերն ուշացած են. - «Բնակչությունը, համայնքներն այն մտածողությունը, որ իրենք են իրականացնելու ծրագրեը, չկա, պետք է նախ էդ մտածողությունը դնել մեջները, հետո նոր պահանջել որպեսզի ծրագիրն իրականացնեն։ Մեկ երկու անգամ հավաքվելով, ինձ թվում է համայնքները չեն կարող ճիշտ կողմնորոշվել»։

Տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Արտյոմ Գրիգորյանի խոսքով՝ շատ հաճախ համայնքներում կան գաղափարներ, որոնք չեն հասնում դոնորներին, հիմա փորձելու են երկուսին նույն հարթության վրա բերել. - «Մենք վստահ ենք, որ կա որոշակի գումար և այդ գումարը կա թե՛ կառավարության որոշակի ծրագրերում, թե՛ միջազգային կառույցներում, և կա համայնք, որն ունի լավ գաղափար, զարգացող գաղափար, աճի գաղափար՝ իրենց տնտեսության մասին է խոսքը, բայց տեսեք՝ այս երկու կազմակերպությունների մեջ խորը անդունդ կա, մեր խնդիրն այս երկու կառույցներին բերել նույն հարթության վրա, որպեսզի մեկի առաջարկը համապատասխանի մյուսի պահանջարկին»։

Տարածքային կառավարման փոխնախարարը կարծում է, որ արդեն գարնանն այս ներդրված մոդելի արդյունքները հնարավոր է տեսանելի դառնան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG