Մատչելիության հղումներ

Վենեսուելայի զինուժը հայտարարում է 2 ապստամբի սպանելու և 8-ին ձերբակալելու մասին


Վենեսուելա - Սահմանադիր ժողովի ընտրության օրը՝ հուլիսի 30-ին բախումներ մայրաքաղաք Կարակասում
Վենեսուելա - Սահմանադիր ժողովի ընտրության օրը՝ հուլիսի 30-ին բախումներ մայրաքաղաք Կարակասում

Վենեսուելայի զինված ուժերը հայտարարել են, թե տապալել են, իրենց բնորոշմամբ, «ահաբեկչական հարձակումը» Վալենսիա քաղաքի ռազմաբազայում՝ սպանելով ապստամբներից 2-ին և ձերբակալելով 8-ին։

Զինված ուժերի երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ հարձակումն առաջնորդել է ԱՄՆ-ի և Կոլումբիայի հետ կապեր ունեցող դասալիք զինվորականը, և զինված ուժերում ապստամբ տարրերն են կանգնած նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ խռովության հետևում։

Հեռուստատեսային ուղերձում Մադուրոն ասել է, որ ձերբակալված լեյտենանտը ակտիվորեն համագործակցում է և տրամադրում է տեղեկություններ։

Վենեսուելան քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ է հայտնվել Մադուրոյի ռեժիմի դեմ ամիսներ շարունակվող բողոքի ակցիաների և նախագահի՝ իր իշխանությունն ավելի ամրապնդելու փորձերի հետևանքով։ Հուլիսին Սահմանադիր ժողովի ընտրություններ հայտարարվեցին, որը պետք է փոփոխություններ կատարեր Սահմանադրությունում՝ նախագահի լիազորություններն ընդլայնելու նպատակով։ Ընդդիմությունը բոյկոտեց ընտրությունները, իսկ Մադուրոն դրանք անվանեց հեղափոխության հաղթանակի ընտրություն։

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիքի Հեյլին իր թվիթերյան էջում Վենեսուելայի ընտրությունները որակել էր կեղծիք և հետքայլ դեպի դիկտատուրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ խոստացել է լայնածավալ պատժամիջոցներ կիրառել Վենեսուելայի դեմ։

Վենեսուելայում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների ընթացքում զոհվածների թիվը արդեն գերազանցում է 100-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG