Մատչելիության հղումներ

Սփյուռքահայ գործարարը պնդում է, թե անարդարության զոհ է դարձել


Լիբանանահայ գործարար Օհաննես Ստեփանյանն ու նրա շահերը ներկայացնող Տիգրան Եղոյանը պատրաստվում են կոչ անել սփյուռքահայերին՝ զերծ մնալ Հայաստանում ներդրումներ կատարելուց, քանի որ, նրանց խոսքով, բիզնեսին աջակցելու մասին վարչապետի խոստումներն իրականում խաբկանք են:

Գործարարները պատմում են, որ 1 տարի առաջ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունը շինարարություն է սկսեց Վայոց ձորի մարզի Շատին համայնքում իրենց պատկանող սեփականության տարածքում։ Բարձր լարման էլեկտրասյան կառուցման համար 7 հա տարածքից գերակա շահ է ճանաչվեց 200 քմ-ը և անասնաֆերմայից 50 մետր բարձրության վրա սկսվել է շինարարություն։ Տիգրան Եղոյանի պնդմամբ՝ շինարարության հետևանքով բլրից քարաթափումներ են լինում՝ այդպիսով վտանգելով թե՛ բիզնեսը, թե՛ այդտեղ ապրող մարդկանց կյանքը։

«Ներկա իրավիճակում մեր անասնագլխաքանակը հնարավոր չէ բարձրացնել, որովհետև հսկայական չափերի քարաբեկորներ գլորվում են ուղիղ անասնաշենքի վրա», - պատմեց Տիգրան Եղոյանը: - «Անասնաշենքին կից մենք կառուցել ենք փոքրիկ տնակներ, որտեղ ընտանիքներ են ապրում: Այդ ընտանիքներից մեկում կա նորածին երեխա: Բանը հասավ այնտեղ, որ այդ հսկայական քարերը ուղղակի գլորվում են այդ շենքի վրա։ Մենք ստիպված էինք ահազանգել, սակայն «Բարձրավոլտը» պնդրում էր, որ՝ միևնույնն է՝ մենք անելու ենք, դա ծրագիր է և այլն», - շարունակեց նա:

Էլեկտրասյան շինարարության նպատակով ընկերությունը ճանապարհ է բացել ծանր տեխնիկայի համար, որը ևս անցնում է Ստեփանյանին պատկանող տարածքով՝ քարուքանդ անելով ևս 3 հա:

«Դրա մասին չի եղել ոչ մի պայմանավորվածություն անձամբ ինձ հետ», - պնդեց Օհաննես Ստեփանյանը:

Անասունների հայկական ցեղատեսակների բուծմամբ զբաղվող ընկերության սեփականատերն ասում է՝ այժմ ֆերմայի հետագա գործունեությունը վտանգված է, անասուններն այլևս սարեր բարձրանալու ճանապարհ չունեն։

«Իրենք ավերել են լանջային մասը, որտեղից անասունը բարձրանում է արոտավայր, որը պարտավոր էին մաքրել: Հայտարարում են, որ մաքրել են, բայց այնտեղ կա հստակ նկարները, թե մաքրելուց հետո ինչպես են ժայռաբեկորները դեռ այնտեղ: Բացի դրանից, եթե ժայռաբեկորների վրա դու թեթև հող ես լցնում, դա չի նշանակում, որ դրա վրայից կարող է անցնել անասունը», - պատմեց Ստեփանյանը:

Գործարարի և «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-իվեճը հասել է դատարան։ Ըստ Ստեփանյանի՝ առայժմ ընկերությանն արգելվել է շինարարությունը շարունակել։ Խնդրի մասին, սակայն, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունում միանգամայն այլ կերպ են խոսում։ Ընկերության խոսնակն ասում է՝ այդ 200 քմ տարածքի համար իրենք վճարել են գործարարին, իսկ ճանապարհ բացելու համար թույլտվություն են ստացել համայնքի ղեկավարից:

Համայնքապետն ի՞նչ կապ ունի մի տարածքի հետ, որն իրեն չի պատկանում՝ հակադարձում է լիբանանահայ գործարարը։ Ըստ նրա՝ ճանապարհն անցնում է իր սեփականության տարածքով, առանց իր համաձայնության, որի մասին կան վկայող փաստաթղթեր։

Անդրադառնալով շինարարությունից հետո տարածքի բարեկարգմանը՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ի ներկայացուցիչն ասում է՝ ծրագրին իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և ապահովում է հազարավոր մարդկանց՝ էլեկտրաէներգիայով ապահովված լինելու իրավունքը։ Ըստ ընկերության խոսնակի՝ 60-ական թվականներից ժառանգած էլեկտրասյուները պետք է վերակառուցվեն, իսկ այն իրականացնող ընկերությունը շինարարությունից հետո արդեն մաքրել ու կարգի է բերել տարածքը։

«Այդ քարաթափումներից հետո ամբողջ տարածքը մաքրվել է և կարգի է բերվել: Նույնիսկ առաջարկել են, որ այս տարածքում, որը քանդվել է, ճանապարհ է բացվել, կարող ենք կանաչ ցանել: Մերոնք առաջարկել են: Սրանք համառորեն որևէ կոնտակտի չեն գնում», - պնդեցԲԷՑ խոսնակը:

«Առաջարկել են, որ գնանք ցանցեր [խմբ․ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»]: Ես ասել եմ՝ դուք եկեք տարածք, որ հստակ տեսնեք, թե ինչ վիճակ է, որ դրանից հետո խոսենք: Եթե մարդը չի պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը, ինչի՞ մասին ենք խոսելու», - հակադարձեց Օհաննես Ստեփանյանը:

Գործարարը հուլիսի կեսերին նամակ է ուղարկել կառավարություն, սակայն առայժմ պատասխան չի ստացել: Նրա գործընկեր Տիգրան Եղոյանն ասում է՝ 2 անգամ Կարեն Կարապետյանը այցելել է Վայոց ձոր, բայց ոչ մի անգամ նրա հետ հանդիպել չի հաջողվել։

Սեփական տնտեսությունը զարգացնել ցանկացող գործարարները ևս մեկ ծրագիր ունեն․ Եգեղիս գետի ափին ցանկանում են կառուցել ջրաղաց, զբաղվել գոմեշաբուծությամբ ու զարկ տալ էկոտուրիզմի զարգացմանը։ Ծրագիրը, որը արժանացել էր կառավարության հավանությանը, ցավոք իրագործել չեն կարող՝ նշում է Տիգրան Եղոյանը։ Նրա խոսքով՝ ՀԷԿ-երի շահագործման պատճառով գետը ցամաքել է։

«32 կիլոմետր տարածքի վրա կառուցված է 19 ՀԷԿ: Էլ այդ ծրագիրը չենք կարող իրագործել, որովհետև գոմեշաբուծությունը նույնն է, թե ձուկը՝ առանց ջրի», - ափսոսանքով փաստում է Եղոյանը:

Առու դարձած Եղեգիսի հարցով գործարարները դիմել էին բնապահպանության նախարարին, բայց ի պատասխան լսել՝ պետք է սպասեք, Արծվիկ Մինասյանն արձակուրդում է։

«Ազատությունը» ևս դիմեց գերատեսչությանը, որտեղից հայտնեցին՝ Ջրային ռեսուրսների գործակալության պետը, որը իրավասու է պատասխանել հարցերին, արձակուրդում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG