Մատչելիության հղումներ

Դատախազությունում քննարկվել են Հայաստանում կալանքի հիմնավորվածությանն առնչվող խնդիրները


ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան
ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան

Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանում կալանքների հիմնավորվածության խնդրի մասին բարձրաձայնելուց մեկ ամիս անց՝ օգոստոսի 4-ին, տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել են խափանման միջոց կալանավորման օրինականության և հիմնավորվածության, հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման գործնական խնդիրները:

Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրոպական դատարանի նախադեպում լրջագույն փոփոխություն է տեղի ունեցել, ինչը նշանակում է, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար բավարար չէ անձի կողմից հանցագործություն կատարած լինելու փաստը․ «կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը պետք է հիմնավորված լինի»։ Կոստանյանի այս հայտարարությունից օրեր անց՝ հուլիսի 3-ին, դատախազության օրվան նվիրված հանդիսավոր նիստում Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ներկաների ուշադրությունն էր հրավիրել դատախազության գործառույթների հետ անմիջականորեն կապված «մի քանի խնդրահարույց երևույթների վրա», որոնց մի մասն «իրավական գործընթացների շրջանակներում քննարկման առարկա են դառնում նույնիսկ միջազգային դատական ատյաններում: Նախագահը պարզաբանել էր, որը խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի դեմ գործերը՝ կալանքների հիմնավորվածության վերաբերյալ:

Սերժ Սարգսյանի այս հայտարարությունից հետո ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք ուսումնասիրել ոլորտում առկա գործնական խնդիրները և առաջարկվել հստակ լուծումներ, տեղեկանում ենք դատախազության հաղորդագրությունից:

«Ուսումնասիրության շրջանակներում վերլուծվել են ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի վերաբերյալ ՄԻԵԴ ձևավորած նախադեպային իրավունքը և ներպետական իրավական կարգավորումները», - նշված է հաղորդագրությունում:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առանձնահատուկ կարևորել է վեր հանված խնդիրների և ՄԻԵԴ ձևավորած չափանիշների համադրությամբ սահմանված կառուցակարգերի անշեղ պահպանման անհրաժեշտությունը՝ արձանագրելով դրանց խախտման դեպքում իրավասու պաշտոնատար անձանց պատասխանատվության անխուսափելիությունը:

ՀՀ դատախազության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում կազմված ուղեցույցները կուղարկվեն քննություն իրականացնող համապատասխան մարմիններ և կտեղադրվեն ՀՀ դատախազության պաշտոնական կայքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG