Մատչելիության հղումներ

«Փաստաբանների խուզարկությունները փաստացի օրինականացվեցին». «Սասնա ծռերի» գործով փաստաբան


Փաստաբանների պալատի և Դատական դեպարտամենտի միջև ձեռք բերված պայմանավորվածությունով փաստաբանների նկատմամբ իրականացվող խուզարկությունները փաստացի օրինականացվեցին։ Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց «Սասնա ծռերի» գործով փաստաբան Նինա Կարապետյանցը՝ նշելով, որ այդ հայտարարությունը նոր հնարավորություն է ոչ թե Փաստաբանների պալատի, այլ Դատական դեպարտամենտի համար։

«Սրանով նոր հնարավորություն ստեղծվեց, որ դատական կարգադրիչներն իրենց փաստացի խուզարկություններն օրինականացնեն։ Այս հայտարարությունն իրավական ուժ ունենալ չի կարող, որովհետև կա շատ ավելի բարձր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, դա ինձ համար գոնե՝ որպես փաստաբանի, Փաստաբանության մասին օրենքն է, որտեղ որ հստակ նշած կա, իմպերատիվ նորմ կա՝ փաստաբանը չի կարող ենթարկվել խուզարկության», - ասաց Կարապետյանցը՝ շարունակելով . - «Այնքան ժամանակ, քանի դեռ ինձ չեն զրկել լիցենզիայից, իսկ ես հասկանում եմ, որ ամեն ինչ գնում է դրան, և բոլոր փաստաբանները, ովքեր որ հանդգնելու են, համարձակվելու են իրենց իրավունքները պաշտպանել, ամեն ինչ անելու են, որպեսզի զրկեն նաև լիցենզիայից։ Ես թույլ չեմ տալու որպեսզի ինձ խուզարկեն, որովհետև դա արգելվում է օրենքով։ Իմ պաշտպանյալներին պաշտպանելու համար նախ պետք է կարողանամ պաշտպանել ինքս ինձ և փաստաբանի արժանապատվությունը»։

Այսօր Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասաց, որ Փաստաբանների պալատը և Դատական դեպարտամենտը «ջենտլմենական պայմանավորվածության» են եկել` փաստաբաններին դատական նիստերից առաջ զննության/խուզարկության ենթարկելու հարցի շուրջ՝ նշելով, որ փորձել են այնպես կազմակերպել զննությունը, որպեսզի փաստաբաններին առավել անհարմարություններ չպատճառվեն։

Կարապետյանցի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG