Մատչելիության հղումներ

Ռուսաստանը շահագրգռված է, որ իր գազի տարածումը լինի մենաշնորհային. քաղաքագետ


Ըստ քաղաքագետ Հովհաննես Իգիթյանի, Հայաստանի տարածքով իրանական գազը Վրաստան արտահանելու դեպքում Հայաստանը կդառնա գործոն ոչ միայն ֆինանսական տեսակետից, այլև գործոն գեոպոլիտիկայի՝ միջազգային տեսակետից։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանն այսօր գնում է դեպի փակուղի, տնտեսական անդունդ, իսկ սա հնարավորություն է մի քիչ ավելի աշխուժանալու։

«Շահագրգիռ կողմերը, նայեք, կա Եվրամիությունը՝ եվրոպական երկրները, կա Իրանը, կա Հայաստանը, կա Վրաստանը, ի վերջո այդքան խաղացողներ կան, որոնց շահերից է բխում սա, և կա Ռուսաստան, որը որ իր շահերն է առաջ տանում, որը շահագրգռված է, որ իր գազի տարածումը լինի մենաշնորհային։ Ինչքանո՞վ է Հայաստանը պատրաստ զիջել իր զարգացման հնարավորությունը՝ Ռուսաստանի շահերին զոհ գնալով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իգիթյանը։

Հարցին՝ և ինչքանո՞վ է պատրաստ, քաղաքագետը պատասխանեց. - «Ընդհանրապես պատրաստ չպետք է լինի։ Չեմ կարծում, որ այս դեպքում էլ Ռուսաստանը, չգիտեմ, ատոմային ռումբ է գցելու Հայաստանի վրա, կամ այնպիսի սրացում կնախաձեռնի Ղարաբաղում, որ կորցնի ընդհանրապես իր հնարավորությունն՝ ազդելու այդ ռեգիոնում։ Հայաստանը հիմա գնում է փակուղի, եթե այսպես շարունակվի իրավիճակը, Հայաստանը կգնա տնտեսական անդունդ, իսկ սա մի հնարավորություն է մի քիչ ավելի աշխուժանալու, և Սերժ Սարգսյանը սկսեց էդ բանի մասին խոսել: Եթե ինքը պետք է ընտրվեր վաղը և դա լիներ նախընտրական խոսք, ես կասեի՝ «գիտեք ինչ, դա նախընտրական մթնոլորտի արված ինչ-որ պոպուլիստական հայտարարություն է, և եկեք ուշադրություն չդարձնենք», բայց ոնց որ թե ինքը ժողովրդի հետ կապ չունի, այսինքն՝ ժողովրդի ձայների կարիք չունի, դա նշանակում է, որ մի տեղ դա քննարկվում է, կամ, ինչու չէ, գուցե շոշափվում է Ռուսաստանի արձագանքը»։

Քաղաքագետի համոզմամբ, Հայաստանը պարտադրված պետք է թուլացնի Ռուսաստանի կամ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ հարաբերությունները երկու պատճառով՝ ԵՏՄ-ն գնալով արժեզրկվում է և բովանդակությունը կորցնում է, Ռուսաստանն էլ դառնում է ավելի «իզգոյ» երկիր։

«Այն իմաստը, որ փորձում էին դնել՝ [ԵՏՄ-ի] տնտեսական իմաստը, որ նախաձեռնողները փորձում էին դնել, այսօր չկա, երկրորդը՝ Ռուսաստանը գնալով դառնում է ավելի «իզգոյ» երկիր, և այդ պատժամիջոցները դառնում են ավելի շոշափելի, այսինքն, այս տեսակետից Ռուսաստանն ունենալ որպես տնտեսական պարտնյոր՝ անիմաստ է բոլորի համար, միայն մենք չենք խոսում, միայն Սերժ Սարգսյանը չի խոսում հոռետեսական՝ կապված ԵՏՄ-ի կամ Ռուսաստանի հետ, նայեք Ղազախստանի, Բելառուսի հայտարարությունները», - ասաց Իգիթյանը։

Հիշեցնենք, 2016 թվականի հունվարին Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարեց, որ Թեհրանն ու Թբիլիսին նախնական պայմանավորվածության են եկել Հայաստանի տարածքով տարեկան մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ Վրաստան արտահանելու հարցի շուրջ:

Նախագահ Սերժ Սարգսյանն էլ օրերս իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադառնալով Իրանից Հայաստանով Եվրոպա գազի տարանցման հարցին՝ ասել էր. - «Դա պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, և եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա՝ ինչո՞ւ ոչ։ Մենք մեր հերթին բազմիցս նշել ենք, որ շահագրգռված ենք՝ մասնակցելու տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին և պատրաստ ենք համագործակցության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG