Մատչելիության հղումներ

Կինոգործիչների միությունը պատրաստվում է նոր ղեկավար կազմի ընտրությանը


Ազգային կինոկենտրոնն ինչպես հայտնի է, նոր ղեկավար կազմ ունի: Այդ մասին ազդարարվել էր օրերս Մշակույթի նախարարությունում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ: Անվանի կինոռեժիսոր, Կինոգործիչների միության երկարամյա նախագահ Ռուբեն Գևորգյանցի մահից հետո էլ ստեղծագործական այդ միությունն է պատրաստվում նոր ղեկավար կազմ ընտրել:

Վաղը՝ օգոստոսի 3-ին տեղի կունենա Կինոգործիչների միության վարչության նիստը, որի ընթացքում կքննարկվեն կազմակերպչական հարցեր, կհստակեցվեն՝ երբ են տեղի ունենալու նոր ընտրությունները, որոնք կայանալու են արտահերթ համագումարի ժամանակ, ովքեր կարող են լինել Կինոգործիչների միության ղեկավարի հավանական թեկնածուները:

Այս օրերին կինոգործիչների շրջանում մի շարք անուններ են հնչում, այդ թվում՝ Ազգային կինոկենտրոնի արդեն նախկին ղեկավար Գևորգ Գևորգյանի անունն է շրջանառվում որպես Կինոգործիչների միության ղեկավարի հավանական թեկնածու: Հիշեցնենք՝ Գևորգ Գևորգյանը մշակույթի նախարարի հրամանով մեկ շաբաթ առաջ դադարեցրեց պաշտոնավարումը որպես Ազգային կինոկենտրոնի ղեկավար:

Ի տարբերություն Ազգային կինոկենտրոնի, Կինոգործիչների միությունը ֆիլմարտադրության լծակներ չունի և առավելապես զբաղված է միության անդամների սոցիալական խնդիրների լուծմամբ, երկար տարիներ նաև տարբեր կինոփառատոներ է կազմակերպել: Միությունն, ի վերջո, հասարակական կառույց է, ինչպես Խորհրդային տարիներից ժառանգված մնացյալ ստեղծագործական միությունները, որոնք հիմնականում ինքնաֆինանսավորմամբ են պահպանում իրեց գոյությունը՝ սնվելով տարածքների վարձակալումից կամ վաճառքից ստացված, նաև խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած հանգստյան տների վաստակած միջոցներով:

Ինչ վերաբերում է Ազգային կինոկենտրոնին, ապա հենց այս կառույցի միջոցով են պետբյուջեից ֆիլմարտադրության համար միջոցներ հատկացվում, ինչից միշտ չէ, որ կինոգործիչները գոհ են: Ազգային Կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանը բազմիցս հայտարարել է, որ պետբյուջեից հատկացված ողջ գումարը պետք է օգտագործվի ամենատարբեր ժանրերի՝ մանկական, անիմացիոն, խաղարկային, նաև ուսումնական ու այլ ֆիլմերի նկարահանման համար:

Մինչդեռ կինոգործիչներից շատերը համոզված են՝ ավելի արդյունավետ կլիներ, որ պետության հատկացրած առանց այդ էլ փոքր ֆինանսական միջոցներն ուղղվեին տարեկան 1-2 ֆիլմ նկարահանելուն: Ազգային կինոկենտրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար՝ ամերիկահայ պրոդյուսեր Արսեն Բաղդարայանը, պատասխանելով «Ազատության» հարցին՝ ինչ մարտավարությամբ եք գործելու, ասել էր՝ առայժմ ծանոթանում է գործընթացին, որից հետո միայն եզրահանգումներ կանի:

Պատասխանելով «Ազատության» հարցին, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր համոզմունք հայտնեց, որ Ազգային կինոկենտրոնի և Կինոգործիչների միության համագործակցությունը «կարող է շատ արդյունավետ լինել»:

Կինոգործիչների միությունը պատրաստվում է նոր ղեկավար կազմի ընտրությանը
please wait

No media source currently available

0:00 0:04:14 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG