Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյան․ Մարդու իրավունքների պաշտպանությունը առաջնահերթություն է


Վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ
Վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանությունը կառավարության գործունեության հիմնական ուղղություններից և առաջնահերթություններից մեկն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր Մարդու իրավունքների պաշտպանության 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի առաջին նիստի ժամանակ:

«Դա բնական է, քանի որ մեր երկրի Սահմանադրությամբ՝ մարդու իրավունքների հարգումն ու պաշտպանությունը պետական իշխանության առանցքային պարտականություններից է», - ընդգծել է Կարապետյանը:

Վարչապետը նշել է, որ հանրապետական գործադիր մարմինների գործողությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով՝ կառավարության կողմից 2017 թվականի մայիսի 4-ին հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը, որում սահմանված են 96 գործողություն և յուրաքանչյուր գործողության իրականացման հստակ ժամանակացույցը, չափանիշները, ակնկալվող արդյունքը և պատասխանատու մարմինները: Ծրագրի մշտադիտարկման և համակարգման նպատակով ստեղծվել է համակարգող խորհուրդ, որը բաղկացած է կառավարության տարբեր օղակների և պետական մարմինների ներկայացուցիչներից:

«Համակարգող խորհուրդն ամեն եռամսյակ կկազմակերպի քննարկումներ, որոնց ընթացքում կներկայացվեն գերատեսչությունների կողմից կատարված աշխատանքները: Կարևոր եմ համարում նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ համակարգող խորհրդի կողմից կիսամյակային կտրվածքով հանրային քննարկումների կազմակերպումը: Այդպիսի քննակումները կարող են արդյունավետ հարթակ հանդիսանալ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից ծրագրի ընթացքի վերաբերյալ իրենց դիտողությունները և առաջարկությունները ներկայացնելու համար», - ասել է Կարեն Կարապետյանը, ավելացնելով, որ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված այս ծրագրի՝ սահմանված ժամկետներում իրագործումը գտնվելու է կառավարության և իր ուշադրության կենտրոնում:

Նիստի ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները և հետագա քայլերը, ասված է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG