Մատչելիության հղումներ

Փորձագետը Թուրքիայի ներքին խնդիրներով է պայմանավորում խորհրդարանում «Հայոց ցեղասպանություն» արտահայտության արգելքը


Թուրքիայի խորհրդարանի նիստ, արխիվ
Թուրքիայի խորհրդարանի նիստ, արխիվ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը զավեշտալի է որակում Թուրքիայի խորհրդարանի կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունները, որոնցով արգելվում է խորհրդարանում օգտագործել Հայոց ցեղասպանություն, ինչպես նաև Քուրդիստան կամ քրդական շրջաններ արտահայտությունները:

Այս օրենքը, սակայն, ըստ Դեմոյանի, Հայոց ցեղասպանությանն այդքան էլ չի առնչվում։ Այն ավելի շուտ ուղղված է քրդական խնդրին։

«Ցեղասպանության հիշատակման բացառումը այս հարցում շղարշ է, բուն միջուկը Քուրդիստանն է»,-նշեց Դեմոյանը՝ Հայոց ցեղասպանության հարցի շրջանակներում այն հետընթաց չհամարելով։ - «Այստեղ ազդակներն ավելի շուտ ուղղված են երկրի ներսը, ազատական շրջանակներին: Ի վերջո` տեսեք ովքեր են այդ բանաձևին դեմ քվեարկել` քեմալականները և քրդամետ ուժերը: Այն քեմալականները, ովքեր անցյալ դարի 90-ականներին մոլեռանդ կերպքով պայքարում էին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ: Այսինքն` խնդիրը ներքին բախման մեջ է ավելի շատ», - հավելեց նա:

Թուրքիայի պատգամավորների խոսքի ազատությունը սահմանափակող փաստաթուղթը, ըստ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի, լրջագույն մարտահրավեր է՝ ուղղված մարդու իրավունքներին, այն արժեքներին, որոք կրում է Եվրոպան եւ որին տարիներ շարունակ միանալու ցանկություն է հայտնում Թուրքիան:

Թուրքիայի խորհրդարանում անցած շաբաթ ընդունվեց իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների մշակած՝ պատգամավորների վարքին, արտաքին տեսքին և խորհրդարանի նիստերի ընթացքին վերաբերող ներքին կանոնակարգային փոփոխությունների 18 կետից կազմված փաթեթը: Այս փաթեթի կետերից մեկի համաձայն նախատեսվում է պատիժ սահմանել այն պատգամավորների նկատմամբ, ովքեր կվիրավորեն «թուրք ազգի պատմությունն ու անցյալը»։ Պատժելի է համարվում, մասնավորապես, պատգամավորների կողմից խորհրդարանի ամբիոնից «Հայոց ցեղասպանություն», «Դերսիմի կոտորած», «Քուրդիստան», «Ամեդ» (Դիարբեքիրի քրդական հին անվանումը), «քրդական նահանգներ» արտահայտությունների կիրառումը:

Հայկ Դեմոյանն ընդգծում է՝ թուրքական իշխանության այս քայլը «տրամաբանորեն համապատասխանում է այն բոլոր զարգացումներին, ինչ այսօր տեղի է ունենում Թուրքիայում՝ սկսած Էրդողանի իշխանավարումից, և հատկապես 2016 թվականի ամռանը տեղի ունեցած անհաջող հեղարջման փորձից հետո, երբ Թուրքիայում ահռելի ծավալի ընդգրկունություն են ստացել ռեպրեսիվ մեթոդները՝ բոլոր ոլորտներում»:

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը մտավախություն ունի, որ թուրքական իշխանության՝ խոսքի ազատության իրավունքի սահմանափակման այս քայլն իր ազդեցությունը կթողնի նաեւ այլ ոլորտների վրա։ Դեմոյանը չի բացառում, որ սրան գուցեւ հաջորդեն սահմանափակումները մամուլում։

Ստամբուլում տպագրվող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ անհանգստանալու հիմքեր չունեն։ Գոչունյանը նշում է, որ նախկինում էլ Թուրքիայի խորհրդարանում, օրինակ, ցեղասպանություն եզրույթը ակտիվ չէր հնչում։ «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը վերջերս ընդունված օրենքը դիտարկում է որպես ընդդիմության եւ իշխանության հարաբերությունների ֆոնին կատարված իրողություն, ոչ ավելին. - «Ըստ էության` իշխանության թևերի հարաբերությունները խորհրդարանում մի քիչ ավելի արդյունավետ կանոնակարգելու կամ նորովի վերադասավորելու համար այդպիսի նախաձեռնություն են արել»:

«Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» կազմակերպության նախագահ, իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ խորհրդարանական նոր կարգավորումները վտանգում է Թուրքիայի ազգային փոքրամասնություններին։

«Եթե քրդերը 20 միլիոն են [Թուրքիայում], ինչո՞ւ չպիտի հնչի քուրդ կամ Քուրդիստան բառերը: Թուրքական պետությունը տանում է ազգային փոքրամասնությունների ոչնչացման քաղաքականություն», - պնդում է պատգամավորը:

Նշենք, որ թուրքական օրենսդիրների սահմանած այս նոր կարգը խախտած պատգամավորները ժամանակավորապես կհեռացվեն խորհրդարանի աշխատանքներից, ինչպես նաև՝ նրանց աշխատավարձից 12 հազար լիրայի չափով պահում կարվի։ Փոփոխությունների փաթեթին դեմ են քվեարկել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները: Վերջիններիս հայազգի պատգամավորներ Սելինա Դողանն ու Գարո Փայլանը հայտարարել են, որ կանոնակարգային փոփոխություններն անօրինական են և նպատակ են հետապնդում խորհրդարանում լռեցնել ընդդիմության ու փոքրամասնությունների ձայնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG