Մատչելիության հղումներ

2017-ի առաջին կիսամյակում Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 6,200-ով


Արխիվ -- Արտագնա աշխատանքի մեկնող տղամարդիկ օդանավակայանում
Արխիվ -- Արտագնա աշխատանքի մեկնող տղամարդիկ օդանավակայանում

Մինչ նախագահ Սերժ Սարգսյանը ակնկալում է, որ 2040-ին Հայաստանի բնակչության թիվը կհասնի է մոտ 4 միլիոնի, պաշտոնական վիճակագրությունն աճի փոխարեն նվազում է արձանագրում։ Ըստ ԱՎԾ տվյալների՝ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացում Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 6200-ով, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ 15.000-ով։

Ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն ասում է՝ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում մշտական բնակվում է 2 979 900 մարդ։ Այս թիվը պակասել է հիմնականում միգրացիայի պատճառով։

«Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է մշտական բնակչության թվաքանակը, որը պայմանավորված է ծնելիության նվազմամբ, մահացության դեպքերի աճով», - նշեց նա` հավելելով. - «Եթե նախորդ տարիներին բնական հավելաճը ավելի շատ էր, այն ինչ-որ ձևով կոմպենսացնում էր բնակչության թվաքանակի նվազումը: 2017թ. բնական հավելաճի որոշակի նվազում է արձանագրվել, և բնականաբար` միգրացիայի ազդեցությունը ավելի մեծ է եղել»:

Տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստանից մեկել ու չի վերադարձել 8,700 քաղաքացի։ Ծառայության տվյալներով՝ նրանցից 1400-ն առհասարակ դուրս են եկել հաշվառումից և ապաստան գտել արտերկրում։ Պահանջված երկրներից են Ռուսաստանը, Վրաստանն ու Միացյալ Նահանգները։

Վիճակագրությունը բացասական միտում ունի նաև ծնելիության և ամուսնությունների հարցերում։ Այստեղ էլ առաջին կիսամյակում նվազում է արձանագրվում։ 6.5 տոկոսով պակասել է ծնունդների թիվը, փոխարենն աճել են մահերն ու ամուսնալուծությունները։

Սա միանգամայն սպասելի պատկեր էր` «Ազատության» հետ զրուցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադառնալով պաշտոնական թվերին։ Ըստ նրա՝ թե՛ բնակչության թվի նվազումը, թե՛ արտագաղթի տեմպի ավելացումը պահպանվելու են և առաջիկայում` դառնալով էլ ավելի ցայտուն:

«Արտագաղթը ծնող պատճառների մեջ որևէ փոփոխություն չի եղել: Արտագաղթը նվազեցնող որևէ ռեալ ծրագիր չկա ընթացքի մեջ: Չնայած արտագաղթի պատճառների մեջ սովորաբար խոսվում է աշխատատեղերի և ցածր աշխատավարձերի մասին, բայց կարծում եմ արդեն բոլորիս հայտնի է, որ արդարադատության փաստացի բացակայությունն է: Ինչպե՞ս կարող է արտագաղթի մեջ նվազման միտում լինել», - պարզաբանեց փորձագետը:

Անդրադառնալով նախագահ Սարգսյանի տեսլականին՝ 2040 ունենալ մոտ 4 միլիոն բնակչություն, ազգագրագետը նկատում է՝ նախագահը հնչեցերեց այդ խոսքերն առանց հստակ ծրագիր ներկայացնելու։ Սա, ըստ Խառատյանի, անիրատեսական ցանկություն է։

Նախագահ Սարգսյանի տեսլականի հետ չհամընկավ նաև ՄԱԿ-ի՝ վերջերս հրապարակած զեկույցը։ Հունիսի 21-ին հրապարակված զեկույցի կանխատեսումների համաձայն՝ 2050 թվականին Հայաստանի բնակչությունը կկազմի մոտ 2 միլիոն 700 հազար մարդ, իսկ 2100 թվականին այդ թիվն էլ ավելի կնվազի՝ դառնալով 1մլն 849 հազար: Միգրացիոն հարցերով փորձագետ Արմեն Ղազարյանի կարծիքով՝ արտագաղթի հիմնական պատճառը ապագայի հանդեպ անվստահությունն է:

«Կարևոր է, որ մարդը կարողանա պլանավորել իր կյանքը առնվազն 10-15 տարով, իսկ եթե հիմա ինքը լուծում է անմիջական խնդիրներ ու տեսնում է, որ այդ խնդիրը կարող է ավելի հաջողությամբ լուծել արտասահմանում, ինքը կլուծի արտասահմանում», - նշեց փորձագետը: - «Դուրս գնացողների մեջ կա նաև մի հատված, որը լուծում է կյանքի որակի խնդիր: Օրինակ` ավելի լավ կրթություն իրենց երեխաների համար, ավելի լավ առողջապահություն իրենց տարեցների համար», - շարունակեց Արմեն Ղազարյանը:

Փորձագետի խոսքով՝ Հայաստանում վանող գործոններն ավելի շատ են, հատկապես երբ իրականությունն ու խոստումները տարբերվում են իրարից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG